Այսօր, երբ կառավարությունն իր հերթական նիստն էր անցկացնում, կառավարության շենքի դիմաց հվաքվել էին Հյուսիսային պողոտայի օտարված տների սեփականատերերը, խաղաղ պայմաններում բանակում սպանված զինվորների ծնողները եւ նրանց միացած ու Աջափնյակ համայնքի Շահումյանի նախկին կոլտնտեսության թաղամասի բնակիչները, որոնք «ամոթ» էին վանկարկում պաշտոնյանների հասցեին:

«2008 թվականից օտարվել է մեր հողերը, աճուրդով գնել է պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը: Մեզ ասում են, որ տեղում նոր թաղամաս են կառուցում: Մենք դեմ չենք, թող կառուցեն, բայց մեզ փոխհատուցում տան, չէ որ 37 թվից մենք մշակել ենք այդ հողերը, բերքատու այգիներ են, մեր ապրուստի միակ միջոցը»,-դժգոհում էր բնակիչներից մեկը:

Նրանց խոսքով, վարձակալության պայմանագիրը լրանում է 2012 թվականին, բայց առանց իրենց տեղյակ պահելու, աճուրդի են հանել 150 հա հողատարածք, իրենց էլ հրահանգել այս տարվանից այլեւս մուտք չգործել այգիներ:

«Իսակովի պողոտայի, Դալմայի այգիների համար հատուցել են, թող մեզ էլ փախհատուցում տան: 60 տարի մարդիկ աշխատել են այդ հողի վրա, այսօր վերցնել ու ասել, որ դա քաղաքաշինության նպատակներով օգտագործում են ու ոչինչ դիմացը չտալ, ճիշտ չէ: Դալմայի այգիները նույն կոլտնտեսության այգիներն են եղել, եթե նրանց փոխհատուցումը տալիս են, ինչումն է տարբերությունը, որ մեզ չեն տալիս: Ամբողջ ցավը դա է»,- բողոքում էին բնակիչները: Նրանք արդեն երկրորդ ակցիան են անում կառավարության մոտ, նամակներ են ուղարկել նաեւ թաղապետարան, քաղաքապետարան նախագահական, սակայն մերժում են ստացել: