Ուկրաինական «Աերոսվիտ» ավիաընկերությունը, որը ֆինանսական դժվարություններ ունի, հունվարի 15-ից դադարեցնում է սեփական չվերթների ավելի քան 90%-ի սպասարկումը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը:

Մինչեւ ձմեռային չվացուցակի ավարտը ավիաընկերությունը թռիչքներ կկատարի միայն երեք հեռավոր չվերթներով՝ Նյու Յորք, Բանգկոկ եւ Պեկին, նաեւ՝ տարածաշրջանային չվերթներ՝ Իվանովո-Ֆրանկովսկ եւ Դնեպրոպետրովսկ: Մինչեւ հունվարի 19-ը ավիաընկերությունը թռիչքներ կկատարի դեպի Հոշիմին, իսկ հունվարին թռիչք կիրականացնի դեպի Գոա՝ այնտեղից իր ուղեւորներին հետ բերելու, հայտնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախօրեին ավիաընկերությունը հայտարարել էր, որ լիովին չեզոքացրել է աշխարհի տարբեր երկրներ իր չվերթների ուշացումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Սովորական չվացուցակին զուգահեռ, «Աերոսվիտը» նաեւ ուղեւորներին լրացուցիչ հասցրել է այն երթուղիներ, որոնց թռիչքի ընթացքում ընկերությունը դադարեցրել էր տեղափոխումը: Այդ նպատակով հունվարի 10-ից 14-ն ապահովվել է հավելյալ 14 թռիչք դեպի Պրահա, Թբիլիսի, Աստանա, Բաքու, Սոֆիա, Լարնակի, Երեւան եւ Կալինինգրադ ուղղություններով, որոնց ընթացքում  2200 ուղեւոր է տեղափոխվել... Այսօրվա դրությամբ «Աերոսվիտի» չուղարկված ուղեւորների կուտակումներ չկան ոչ բազային, ոչ էլ արտասահմանյան օդանավակայաններում», - ասված է հաղորդագրությունում:

Նախկինում «Աերոսվիտը»  միջազգային 80 չվերթներ էր իրականացնում՝ 29 օդանավերով: Այժմ ընկերությունն ակտիվները վաճառում է մրցակից «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությանը: Այս ընկերությունն արդեն իր անվամբ է վերաձեւակերպել նախկինում«Աերոսվիտի»  կողմից շահագործվող Boeing 737 երկու օդանավեր: