Ճապոնիայում թոքերի բորբոքումից մահացել է ճապոնական նոր ալիքի առաջնորդներից մեկը, 20-րդ դարի վերջին քառորդին կինեմատոգրաֆիայում ամենացնցող ֆիլմերի շարքին դասված հայտնի «Զգացմունքների կայսրություն» ֆիլմի հեղինակ 81-ամյա Նագիսա Օսիման:
Ըստ «Կոմերսանտի»՝ ապագա ռեժիսորն ընդունվել է Կիոտոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, բայց իր մասնագիտությամբ մեկ տարի էլ չի աշխատել՝ 1954 թվականին Օսիման անցել է դաժան քաստինգ եւ ստացել է Տոկիոյի «Սետիկու» կինոտաղավարի ռեժիսորի օգնականի պաշտոնը։ Իր առաջին՝ «Սիրո եւ հույսի փողոցը» ֆիլմն Օսիման նկարահանել է 1959 թվականին։ Եվ դրան հաջորդած 20 տարիների ընթացքում ամեն տարի մեկ ֆիլմ է նկարահանել։
Ռեժիսորն, ընդհանուր առմամբ, ունի 28 ֆիլմ։ Նրան համաշխարհային փառք է բերել ծայրահեղական կրքի մասին պատմող «Զգացմունքների կայսրություն» ֆիլմը (1976), որը ֆուրոր է առաջացրել Կաննի փառատոնում, որտեղ այն ճանաչվել է որպես «ամենամեծ էրոտիկ ֆիլմ»։ Սակայն Կաննում Օսիման պարգեւատրվել է միայն երկու տարի անց՝ 1978-ին, մեկ այլ ողբերգական սյուժեի՝ Իտոկո Նիկամուրայի «Գիսաբուրոյի սպանության գործը» վեպի հիման վրա նկարահանված «Կրքի կայսրություն» ֆիլմի համար։
Համաշխարհային ճանաչում է բերել նաեւ «Շնորհավոր Սուրբ Ծնունդ, պարոն Լոուրենս» ֆիլմը Դեյվիդ Բոուիի եւ Ռյուիտի Սակամոտոյի կողմից գլխավոր դերերի կատարմամբ, որը ռազմագերիների համար նախատեսված ճապոնական ճամբարում բանտապետների եւ բանտարկյալների միջեւ տանջալիորեն խճճված եւ բռնկուն հարաբերությունների մասին է։ 1999 թվականին Նագիսա Օսիամն նկարահանել է իր վերջին՝ գեյաների սիրո եւ սամուրայների դարաշրջանի վերջի մասին պատմող «Տաբու» ֆիլմը։




























