ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի այցը տարածաշրջան ղարաբաղյան հակամարտության հետ առնչություն չունի: Այդ մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Ըստ փորձագետի՝ Ջեյմս Սթեյնբերգը Օբամայի վարչակազմի նոր դեմքերից է, բայց նաեւ հրաշալի ծանոթ է տարածաշրջանին: «Նա այցելելու է Երեւան, Թբիլիսի, բայց ոչ Ադրբեջան: Սա ցույց է տալիս, որ նրա օրակարգն ու առաքելությունը Լեռնային Ղարաբաղին չի վերաբերում»,- նշել է Կիրակոսյանն ու հավելել. «Նրա մեսիջն ուղղված է Թուրքիային՝ արագացնելու հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացը: Նաեւ հիշեցնելու է Թուրքիային, որ սպասելիքները միայն նրանից են»:

Հիշեցնենք, որ այսօր Երեւան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը, որը հանդիպելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ամերիկացի դիվանագետը կայցելի նաեւ Թբիլիսի՝ բանակցելու համար Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ ընդդիմության ղեկավարների հետ, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Սթեյնբերգը կհանդիպի Մյունխենում: