Մեծ Բրիտանիայի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը՝ Royal Bank of Scotland-ը, 500 մլն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 807 մլն դոլար) կվճարի միջբանկային առանցքային LIBOR (London Interbank Offered Rates) տոկոսադրույքի հետ կապված մեքենայությունների համար:
Բանկը 100 մլն ֆունտ ստեռլինգ կվճարի Միացյալ Թագավորության Ֆինանսական վերահսկողության ծառայությանը: Բացի այդ, 400 մլն ֆունտ ստեռլինգից ոչ պակաս գումար կբռնագանձեն ԱՄՆ-ի ֆինանսական վերահսկողության մարմինները, գրում է Independent թերթը:
Royal Bank of Scotland-ի ղեկավարության մեքենայության հետաքննությունը Մեծ Բրիտանիայում հանրային լայն արձագանք էր գտել, քանի որ ֆինանսական կառույցը 82%-ով պատկանում է պետությանը: Չորս տարի առաջ այն սնանկանալուց փրկելու համար հարկատուների միջոցներից ծախսվել էր 45 միլիարդ ֆունտ ստեռլինգ: Տուգանքի մեծ մասը պետք է վճարի տնտեսման խիստ քաղաքականություն վարող բրիտանական կառավարությունը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մեքենայությունների շուրջ աղմուկը ծագել էր 2012թ. հունիսի վերջին: ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի վարած հետաքննության արդյունքում պարզվել էր, որ տնտեսական ճգնաժամի ընթացքում մի շարք բանկեր ոչ ճշգրիտ տվյալներ են ներկայացրել, որոնց հիման վրա էլ սահմանվել էին LIBOR-ի ցուցանիշները: Արդյունքում բրիտանական «Barclay»-ն 453 միլիոն դոլար տուգանք էր վճարել, իսկ շվեյցարական UBS-ի ղեկավարությունը համաձայնել էր վճարել 1,5 միլիարդ դոլար:





























