Հայաստանի Պառլամենտարիզմի կենտրոն (ՀՊԿ) դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանը, հաշվի առնելով 10-րդ ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրության հետընտրական գործընթացներում ստեղծված իրավիճակը, դիմում-առաջարկություններ է ներկայացրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:
ՀՀ նախագահին ուղղված դիմում-առաջարկությունների մեջ նա նշել է. «Բազմիցս, Ձեզ տեղեկատվություն ենք ներկայացրել 10-րդ ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրության նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև, հետընտրական գործընթացներում տեղ գտած օրինախախտումների մասին: Սակայն, այդ կապակցությամբ, ոչ միայն որևէ դրական տեղաշարժ դեռևս չենք արձանագրել, այլև, անգամ, պատասխանատվության չի ենթարկվել Ձեր ներկայացուցիչ` ԿԸՀ նախագահը` դիտորդական մեր առաքելության աշխատանքներն ակնհայտ խոչընդոտելու համար:
Հիմք ընդունելով Սահմանադրության 49-րդ եւ Ընտրական օրենսգրքի 1-ին հոդվածներով սահմանված դրույթները, հույս ենք հայտնում, որ համապատասխան միջոցներ դեռևս կձեռնարկվեն»:
Իսկ ՍԴ նախագահին Ա. Սարգսյանը գրել է. «Խնդրում ենք որոշ պարզաբանումներ տալ հունվարի 27-ի Բարձր դատարանի թիվ ՍԴԱՈ-8 աշխատակարգային որոշման 2-րդ կետում բերված „ծանրաբեռնվածություն“ հասկացության կապակցությամբ:
Խնդիրը նրանում է, որ ըստ մեր դիտարկումների, 2003թ. և 2007թ. ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննություններն անցել են Բարձր դատարանի առավել գերբեռնվածության պայմաններում, սակայն բոլոր դիմումները քննվել են սահմանված մեկամսյա ժամկետում»:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն որոշում է կայացրել, որ 10-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի բողոքը պետք է լսի մարտի 5-ին` «ծանրաբեռնվածության» պատճառով:




























