Վաշինգտոնի շրջանային դատարանը վճռել է, որ Ռուսաստանի կառավարությունը հրեական խասիդական «Խաբադ Լյուբավիչ» շարժմանը պետք է օրական 50 հազար դոլար վճարի այնքան ժամանակ, քանի դեռ չի վերադարձրել պատմական գրքերի եւ փաստաթղթերի այսպես կոչված «Շնեերսոնի հավաքածուն»:

Գրադարանը ներառում է 12 հազար գիրք, 50 հազար այլ փաստաթղթեր եւ 381 ձեռագրեր:

Ռուսաստանի դեսպանատունը կարծում է, որ որոշումը հակասում է ամերիկյան եւ միջազգային օրենքներին: Ռուսական օրենսդրության համաձայն՝ «Շնեերսոնի հավաքածուն» երկրի մշակութային ժառանգության մասն է, օտարման ենթակա չէ, եւ «Խաբադն» էլ դրա օրինական սեփականատերը չէ:

Չնայած դրան՝ դատարանը բավարարել է «Խաբադի» հայցը այն հիմնավորմամբ, որ Ռուսաստանն անտեսել է իր նախորդ վճիռը. 2010-ի ամռանը դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել էր «Շնեերսոնի հավաքածուն» անմիջականորեն շարժման ներկայացուցիչներին վերադարձնել կամ Մոսկվայում ամերիկյան դեսպանատան միջոցով:

Բազմամյա վեճի պատճառը հուդայականության մասին փաստաթղթերի եւ պատմական գրքերի հավաքածուն է, որը մի քանի դարերի ընթացքում կուտակվել էր Սմոլենսկի նահանգի Լյուբավիչի վայրում՝ Շնեերսոն րաբունիների սերունդների կողմից, որոնք Ռուսական Կայսրության հպատակ էին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ռուսական կողմը հայտարարում է, որ «վերադարձնելու մասին» խոսք լինել չի կարող: Հավաքածուի բոլոր  նմուշները ազգայնականացվել են, քանի որ Շնեերսոնները ժառանգներ չունեին: