Երկարաձգված հակամարտությունների կարգավորման գործում առաջընթացը, թրաֆիքինգի դեմ պայքարը եւ մամուլի ազատությունը ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության կարեւորագույն առաջնահերթություններից են: Այդ մասին հունվարի 17-ին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան:
ԵԱՀԿ Մշտական խորհրդին հղած իր ուղերձում Կոժարան հայտնել է, որ կողմերին երկարաձգված հակամարտությունների քաղաքական կարգավորում գտնելու աջակցությունը, գոյություն ունեցող բանակցային ձեւաչափերի շեշտադրմամբ, Ուկրաինայի առաջնահերթություններից է: Նման ձեւաչափերի շարքում են Մերձդնեստրյան հակամարտության հարցով բանակցությունները, Վրաստանում հակամարտության շուրջ ժնեւյան քննարկումները եւ ԵԱՀԿ Մինսկի ձեւաչափով Լեռնային Ղարաբաղի հարցով բանկացությունները:
«Մենք վստահ ենք, որ երկարաձգված հակամարտությունները շարունակում են սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանային կայունության համար: Կողմերին քաղաքական որոշում գտնելու աջակցությունը ԵԱՀԿ-ի, նախագահության եւ բոլոր մասնակից երկրների կարեւորագույն առաջնահերթություններից է»,- հայտարարել է նա:
Ավելի ուշ, պատասխանելով լրագրողների հարցերին, Կոժարան ընդգծել է, որ Ուկրաինան հակամարտությունների խաղաղ լուծման ամենաշահագրգիռ կողմերից է՝ հաշվի առնելով երկրի սահմաններից արեւելք գտնվող Մոլդովայի եւ Հարավային Կովկասի հետ սահմանները:





























