Բրիտանացի թոշակառուների տնից կատուն փախել է. նա գնացք է նստել եւ երկու օր շարունակ անցել շուրջ 3 հազար կմ, լինելով Ուելսի խոշոր քաղաքներում եւ Լոնդոնում:

Փոլլի անունով երկու տարեկան կատվի տերերը՝ 84-ամյա Արթուր Վեսթինգթոնն ու նրա 82-ամյա կին Լուիզան իրենց սիրելի կատվին որոնել են շուրջ երեք շաբաթ, երբ նրան հայտնաբերել է Մեծ Բրիտանիայի մեծ քաղաքներով երթեւեկող գնացքի աշխատակցուհին, գրում է Telegraph-ը:

Գնացքի ուղեկցորդուհի Էմիլի Մահոնի-Սմիթը կորած կատվին գտել է, երբ լսել է նրա բողոք արտահայտող մլավոցը: Ամենայն հավանականությամբ, կատուն գնացք է բարձրացել, երբ դեպոյի մոտ առնետ որսալիս է եղել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Կատվի ճանապարհորդությունը մթագնել է ցավալի վնասվածքը. գնացքի մեխանիզմը վնասել է նրա ոտքը: Բարեբախտաբար, ներկայումս տնային կենդանու առողջությունը վերականգնվում է եւ շուտով Փոլլին կվերադարձվի նրա թոշակառու տերերին: