Հայաստանի նախագահի հանձնարարությունները, որոնք վերաբերում են, մասնավորապես, նախորդ տարիներին չբացահայտված քրեական գործերի հետաքննությանը, կատարվում են: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ռազմական դատախազ Գեւորգ Կոստանյանը:

«Չեմ կարող ասել, որ դրանք ամբողջությամբ կատարվում են, բայց մի մասը կատարվում է, իսկ մյուս մասը՝ դեռեւս ոչ»,-արձանագրել է Կոստանյանը՝ հավելելով, որ որոշ դեպքերում խոսքը շատ հին գործերի մասին է: «Դրանց հետաքննությունը շարունակվում է»,-հայտնել է նա:

Հարցին, թե ինչպես է վերաբերում մամուլում հայտնված տեղեկություններին, ըստ որի Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի լիազորությունների ժամկետն ավարտվում է եւ ինչպես է գնահատում իր շանսերն այդ պաշտոնում նշանակվելու համար, Կոստանյանն արձագաքել է, որ բոլոր տեսակի խոսակցություններին անլուրջ է վերաբերում եւ մտադիր չէ դրանք մեկնաբանել: