Աշխարհի ամենահզոր լազերը, որը տեղադրված է ռումինական Extreme Light Infrastructure Nuclear Physics համալիրում, ֆիզիկոսների մի խմբի հնարավորություն է տվել ստեղծել մյուոնների հոսք և ստանալ մի օբյեկտի պատկեր, որը թաքնված էր բետոնի մի քանի մետր հաստության շերտի հետևում։ Թեև «նկարները» հատիկավոր են և զուրկ մանրամասներից, դրանք վկայում են պատկերման տեխնոլոգիաների զարգացման զգալի առաջընթացի մասին, որոնք կարող են կիրառվել ամենուր՝ անվտանգային համակարգերից մինչև օգտակար հանածոների արդյունահանում։

Մյուոնները սովորաբար առաջանում են, երբ մեծ արագությամբ շարժվող պրոտոնները սլանում են տիեզերքով և բախվում մթնոլորտի վերին շերտերի ատոմներին՝ ստիպելով դրանց արձակել քվարկների զույգեր, որոնք կոչվում են պիոններ։ Պիոններն արագ քայքայվում են մյուոնների, որոնք գոյություն ունեն միայն մի ակնթարթ, մինչև քայքայվեն ավելի թեթև համարժեք մասնիկի և մի քանի նեյտրինոների՝ հաղորդում է Техкульт-ը։ Իրենց տպավորիչ զանգվածի շնորհիվ դրանք հեշտությամբ թափանցում են գետնի միջով՝ անցնելով խիտ ապարային շերտերի միջով և ներթափանցելով շատ ավելի խոր, քան նույնիսկ ամենահզոր ռենտգենյան ճառագայթները։

Մյուոններն արհեստականորեն գեներացնելու եղանակներից մեկը հզոր լազերների օգտագործումն է՝ էլեկտրոնները էլեկտրամագնիսական ալիքների օգնությամբ արագացնելու և դրանք պատին բախելու համար։ ELI-NP-ի 10 պետավատ հզորությամբ լազերի ճառագայթը կարճ ժամանակով դառնում է մոլորակի բոլոր էլեկտրացանցերից հազարավոր անգամ ավելի հզոր։ Այդ բռնկումը արագացնում է էլեկտրոններին, մինչև դրանք բախվեն կապարե արգելքին։ Որպեսզի հնարավորինս շատ՝ մյուոն չհանդիսացող մասնիկներ զտվեն, հետազոտողները պոլիէթիլենային թերթերից և պարաֆինե բլոկներից բաղկացած յուրահատուկ ֆիլտր են մշակել։

Դրանից հետո համեմատաբար մաքուր մյուոնների փունջն անցնում է երկմետրանոց բետոնե պատի միջով և հասնում մյուս կողմում կայանված ֆուրգոնի ներսում տեղադրված դետեկտորների համալիրին։ Լուսանկարելով կապարե բլոկների կույտի ստվերը՝ գիտնականները հայտարարեցին, որ ստեղծել են առաջին պաշտոնական մյուոնագիրը։ Որոշակի կատարելագործման դեպքում այս սկզբունքները մի օր կարող են օգտագործվել ավելի հավաք և դյուրակիր համակարգ ստեղծելու համար, որը կկարողանա «նայել» հրթիռների կամ ծովային նավերի երկաթե հիմնակմախքներից ներս, ժայռոտ լեռների ընդերքը կամ հին կառույցների քարե հիմքերը։