Սոմալիի «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները, որոնք առեւանգել էին Ֆրանսիայի հատուկ ծառայությունների գործակալ Դենի Ալեքսին, հայտնել են նրան մահապատժի ենթարկելու մասին: Նրանք հայտարարել են, որ Ալեքսի մահապատիժը կյանքի է կոչվել հունվարի 16-ին, տեղի ժամանակով 16:30-ին:

«Դենի Ալեքսը մահապատժի է ենթարկվել»,-ասված է տեղեկատվության մեջ, որն ահաբեկիչները տեղադրել են Twitter-ում, գրում է «Նովիե իզվեստիան»: Այս տեղեկատվությունը խմբավորման ներկայացուցիչը հաստատել է նաեւ Agence France-Presse գործակալության թղթակցի հետ զրույցում: Նա նաեւ ընդգծել է, որ մահապատժի ենթարկելու աուդիո եւ տեսագրությունները կարող են հրապարակվել ավելի ուշ, հաղորդում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Փարիզը պնդում էր, որ Դենի Ալեքսը զոհվել է հունվարի 12-ին՝ նրա ազատագրման ձախողված հատուկ գործողության ժամանակ, իսկ ահաբեկիչները կեղծ տեղեկատվություն են տարածում: Նախօրեին գրոհայինները հայտնել են, որ Ալեքսին դատապարտել են մահապատժի:

Սոմալիում ֆրանսիացի գործակալ Դենի Ալեքսին ահաբեկիչներն առեւանգել են 3 տարի առաջ: Այս տարվա հունվարի 12-ի առավոտյան ֆրանսիական հատուկ ջոկատը գործողություն է իրականացրել Սոմալիում՝ Դենի Ալեքսի ազատելու համար, սակայն այն ձախողվել է: Գործողության ժամանակ զոհվել է երկու ֆրանսիացի հատուկջոկատային: