Օտարերկրյա մի քանի քաղաքացի եւ մի քանի զինվոր է սպանվել Ալժիրի ռազմական ուղղաթիռների կողմից Sonatrach նավթագազային կոնցեռնի շինությունների տարածքի ռմբակոծման արդյունքում, որտեղ ծայրահեղականները պատանդ են պահում նավթագազային ընկերության օտարերկրյա աշխատակիցներին, հաղորդել է մավրիտանական BAM գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ահաբեկիչները սպառնում են սպանել բոլոր պատանդներին՝ ալժիրյան ռազմական ուղղաթիռների գրոհելու դեպքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ 

Միաժամանակ, ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աշխատակցին, Ալժիրում գրոհայինների մոտից հաջողվել է փախչել 20 օտարերկյա պատանդի։ 

Թե ինչպես է պատանդներին հաջողվել դուրս ահաբեկիչների ձեռքից՝ չի հաղորդվում։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ շինությունը, որտեղ պահվում են պատանդներն, ականապատված է, հաղորդում է ՌԲԿ-ն։ Որոշ տվյալներով՝ զինյալները մի քանի պատանդների վրա պայթուցիկով գոտի են կապել։

Ավելի վաղ ալժիրյան APS  պետական տեղեկատու գործակալությունը հաղորդել է, որ ահաբեկիչներից փախել են 30 պատանդներ։

AFP-ը՝ վկայակոչելով ալժիրյան «Ալ Նահար» հեռուստաալիքը, հաղորդել է փախուստի դիմած 15 պատանդների մասին։ Ալժիրյան «Ալ Հաբար» թերթի համացանցային կայքը հաղորդում է, որ եվրոպական երկրների 4 քաղաքացի մտնում են այն 14 պատանդների մեջ, որոնց չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը ազատագրել է Ալժիրի հատուկ ծառայությունը։ 

«Ալ Հաբար»-ի տեղեկություններով՝  չորեքշաբթի լույս հինգշաբթի օրվա գիշերը ալժիրյան ուժայինների հատուկ գործողությունները կատարվել են 2 փուլով։ Նախ ազատվել են 9 պատանդներ, ապա՝ եւս 5-ը։ Ներկա պահին բոլոր ազատագրվածները ռազմական ուղղաթիռներով ուղեւորվել են Ալժիրի մայրաքաղաք։