Սարգսյան-Չիրագով գործը դեռ գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել է ռազմական դատախազ, Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը։
Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա աշնանը հայկական կողմը ներկայացրել է իր վերջնական դիրքորոշումը։ «Հիմա մենք սպասում են քննարկումների ավարտին»,- նշել է Կոստանյանը՝ ավելացնելով, որ դժվար է կանխորոշել, թե ինչպիսին կլինի հաջորդ փուլը՝ բանավոր լսո՞ւմ, թե՞ գրավոր գործընթաց։ Հետաքննության ավարտի հնարավոր ժամանակը եւս անհայտ է։
2010 թվականի սեպտեմբերի 15-ին Եվրոպական դատարանն առաջին անգամ սկսել է քննել հայ ընտանիքի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը 2006 թվականի օգոստոսի 11-ին հայց է ներկայացրել իր տան քանդման եւ սեփական բնակավայրից բռնի արտաքսման կապակցությամբ։ Իր հայցում Սարգսյանը նշել է, որ իր տանը հիմա ապրում է ուրիշ մարդ, ամենայն հավանականությամբ՝ ադրբեջանցի։ Ներկայումս Սարգսյանը մահացել է, սակայն նրա այրին եւ երեխաները շարունակում են հետեւել դատական գործընթացին։
Սարգսյանի հայցում, մանավորապես մեղադրանք է առաջադրվում սեփականությունը տնօրինելու եւ օգտագործելու իրավունքի ոտնահարման, անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքի ոտնահարման, Ադրբեջանում մի շարք հայկական գերեզմանատների վերացման, բռնի ուժով հայերին սեփական բնակավայրերից արտաքսելու, ազգային եւ կրոնական պատկանելիության պատճառով խտրականություններ դնելու, ինչպես նաեւ հայերի հանդեպ կիրառված բռնության փաստերի նկատմամբ կառավարության անգործության համար։
Հատկանշական է, որ նույն օրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսել են քննել մեկ այլ՝ մի խումբ ադրբեջանցիների կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցը (Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի)։ Տվյալ գործերը համարվում են նմանատիպ հայցերի խմբի նախատիպը։
Նշենք, որ Եվրոպական դատարանի Գերագույն պալատը հանդիսանում է գերագույն մարմինը։ Որոշումներն օրենքի ուժ են ստանում հրապարակվելուց անմիջապես հետո, բողոքարկման ենթակա չեն եւ պարտադիր են կողմերի համար։




























