Ալժիրում պատանդների մի մասը դեռ գտնվում են գրոհայինների մոտ՝ երկրի հարավ-արեւելքում գտնվող գազի վերամշակման գործարանի տարածքում: Այդ մասին հայտնել է Ալժիրի պետական ռադիոն` վկայակոչելով զինվորականներին:
Պատանդներ վերցրած իսլամիստներին շրջափակել են Ալժիրի հատուկ ծառայությունների աշխատակիցները: Միաժամանակ, ըստ Ալժիրից ստացված լուրերի, պատանդների ազատագրման գործողությունն ավարտված է:
Ալժիրի պետական հեռուստատեսությունը հաստատել է արտասահմանցի չորս պատանդների մահը` չհայտնելով ազատագրյալների ճշգրիտ թիվը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, հունվարի 17-ին ամբողջ օրվա ընթացքում Ալժիրից հակասական տվյալներ էին ստացվում: Հաղորդվում էր, որ 30 պատանդների հաջողվել է փախչել: Նրանց տարհանել էին ռազմական ուղղաթիռներով:
Երբ պատանդների եւ գրոհայինների շարքերը փորձել էին դուրս գալ դեպքի վայրից, նրանց մեքենաների վրա օդային մի քանի հարվածներ են տեղացել: Այդ ժամանակ տեղեկություն էր ստացվել 35 պատանդների զոհվելու մասին, եւս չորսն ազատագրվել էին:
Այդ տեղեկությունն այդպես էլ մնացել էր առանց պաշտոնական հաստատման:
Արդեն երեկոյան հաղորդվել էր ալժիրցի 600 աշխատակիցների եւ չորս արտասահմանցի պատանդների ազատագրման մասին` երկու բրիտանացի, քենիացի եւ ֆրանսիացի:




























