ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչել է Սոմալիի կառավարությունը: Այդ մասին հայտարարել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` Վաշինգտոնում Սոմալիի  նախագահ Հասան Շեյխ Մոհամուդի հետ հանդիպման ընթացքում:  

Հիշեցնենք, 1991թ., երբ Սոմալիում քաոս էր, ԱՄՆ-ն փակել էր իր դեսպանատունը Մոգադիշոյում: Երկու տարի անց Սոմալիում հայտնվել էին ամերիկյան զորքերը, իսկ ամբողջ աշխարհով տարածվել էին  խփված երկու «Սեւ բազե» ուղղաթիռների  եւ այն կադրերը, որոնցում ԱՄՆ-ի բանակի զինվորները փախչում էին տեղի դաշնային հրամատարի գրոհայիններից:  

Սոմալիի գործող կառավարությունը, նշում է rbc-ն, չի վերահսկում երկրի ամբողջ տարածքը: Միայն հարեւան Եթովպիայի եւ Աֆրիկական Միության ուժերի աջակցության շնորհիվ հաջողվեց իր վերահսկողության տակ վերադարձնել մի քանի քաղաքներ, այդ թվում` Մոգադիշոն: Սակայն Սոմալիի մեծ մասը գտնվում է «Ալ Շաբաբ» իսլամիստական խմբավորման վերահսկողության տակ:
 Հ. Մոհամեդը հրաշքով էր ողջ մնացել, երբ երդմնակալությունից առաջ Սոմալիի մայրաքաղաքի կենտրոնում նրա դեմ մահափորձ էր կատարվել: Նախագահական շարասյունը հրաձգության էր ենթարկվել գրոհայինների կողմից, սակայն թիկնազորին հաջողվել էր դուրս գալ շրջափակումից: