Տաջիկստանի իշխանությունները իրենց տարածքում ռուսական ռազմակայանի վերաբերյալ համաձայնագիրը կվավերացնեն միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը կիրականացնի մի շարք խոստումներ, մասնավորապես, տաջիկ ներգաղթյալներին արտոնյալ վիճակ տալու եւ նավթամթերքի արտահանման մաքսատուրքերը վերացնելու մասին: Այդ մասին գրել է «Կոմերսանտ» թերթը` վկայակոչելով Տաջիկստանի ԱԳ նախարար Համրոխոնա Զարիֆիի խոսքը:
Հունվարի 17-ին Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Դուշամբեում կայացած հանդիպմանը քննարկվել է համաձայնությունների իրականացումը, որը ձեռք էր բերվել 2012 թվականի հոկտեմբերին, երբ Վլադիմիր Պուտինն այցելել էր Տաջիկստան: Այդ այցելության արդյունքում համաձայնագիր է կնքվել ՌԴ արտասահմանյան ամենախոշոր ցամաքային օբյեկտի` 201-րդ ռազմակայանի` Տաջիկստանի տարածքում մնալը 30 տարով երկարացնելու մասին, հիշեցրել է թերթը:
Այդ ժամանակ էլ հենց Ռուսաստանը խոստացել է տաջիկ ներգաղթյալներին արտոնյալ կարգավիճակ տալ եւ վերացնել Տաջիկստան արտահանվող նավթամթերքի մաքսատուրքերը (տարեկան` մեկ մլն. տոննա), Տաջիկստանի բանակը վերազինելու համար միջոցներ հատկացնել (200 մլն դոլար) եւ ուսումնասիրել Տաջիկստանում գետերի վրա ՀԷԿ-երի շինարարության մեջ ռուսական ներդրումների հնարավորությունը:
Ըստ պարբերականի` Մոսկվան իր հերթին ցանկացել է, որ Դուշանբեն լուծի մի շարք հարցեր, մինչ Ռուսաստանը կկատարի իր խոստումները, հատկապես կարգի բերի աշխատանքային ներգաղթյալների հոսքը, ինչպես նաեւ երշխավորի, որ առանց հարկերի Տաջիկստանում վաճառված նավթամթերքը չի վերավաճառվի երրորդ երկրների:



























