Աշխարհում նավթարդյունահանման ամբողջ աճը մինչեւ 2020թ. կստացվի ոչ ավանդական աղբյուրներից՝ ծանր նավթ,  նավթակիր ավազներ, սլանցային նավթ եւ կենսավառելիք, իսկ 2020թ.-ից 2030 թվականն ընկած ժամանակահատվածում դրանք հանույթի 70% աճ կապահովեն, ասված է BP-ի հերթական զեկույցում:

Սլանցային բումն ԱՄՆ-ին թույլ կտա ընթացիկ տասնամյակում արդյունահանման ծավալով 1-ին տեղը գրավել եւ մինչեւ 2030թ. ինքն իր պահանջարկն ապահովել, ընդ որում՝ միայն սլանցային հանույթի մակարդակն ԱՄՆ-ում այդ ընթացքում կկազմի օրական հինգ մլն բարել նավթ, ինչը երկրին հնարավորություն կընձեռի ներկրել օգտագործվող նավթի 1 տոկոսը միայն՝ 2005թ. 30%-ի փոխարեն:

Սլանցային բումի պայմաններում ՕՊԵԿ-ի համար շատ դժվար կլինի, կանխատեսում է BP-ն: Եթե 2012թ. նոյեմբերին կարտելի նավթահանման չգործարկված հզորությունը կազմում էր  օրական 2,5 միլիոն բարել, (ընկերությունները  արդյունահանում էին մոտ  30 միլիոն բարել) WTI  նավթի տարեկան միջին 94 դոլար/բարել եւ  Brent 112,5 դոլար/բարել  գների դեպքում, ապա  2015թ.  դրանք կհասնեն օրական վեց միլիոն բարելի: Վերջին անգամ նման մակարդակ եղել էր 2002թ., երբ  WTI –ն արժեր 21 դոլար/ բարել (Brent ՝  25,02 դոլար/ բարել): Պահուստային հզորությունները թույլ կտան սահմանափակել նավթի գնաճը մատակարարումների ճգնաժամի դեպքում, սակայն դրանց առկայությունը չի նշանակում վերադարձ տասը տարի առաջվա  գներին:  Ըստ ВР-ի վերլուծաբանների  կանխատեսման՝  2020թ. մեկ բարելի միջին արժեքը կնվազի մինչեւ 80 դոլարի, գրում է  «Վեդոմոստին»:

Այնուամենայնիվ, ըստ ВР-ի վերլուծաբանների, մինչեւ  2030թ. Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան կրկին նավթարդյունահանման առաջատարը կլինեն:  Դա կապված կլինի սլանցային նավթի արտադրման աճի սպասվող  դանդաղեցմամբ եւ գլոբալ պահանջարկի ավելացմամբ: BP-ն կանխատեսում է, որ մինչեւ 2020թ. նավթի համաշխարհային պահանջարկը կաճի տարեկան  2%-ով, իսկ 2020-2030թթ.՝ տարեկան 1,3%-ով:

Ըստ  BP-ի գնահատման՝ առաջիկա տասնամյակում էլեկտրաէներգիայի նորացվող աղբյուրները կկազմեն համաշխարհային սպառման 7%-ից ոչ ավելին: