Հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդումը 2012թ-ին եւ քաղաքական համագործակցության անցումն առավել բարձր մակարդակ, անկասկած, Ուկրաինայում հայկական սփյուռքի ջանքերի արդյունք է, որն ակտիվորեն նպաստում է երկու ժողովուրդների միջեւ երկխոսության հաստատմանը: Այդ մասին «Analitika.at.ua»-ին տված հարցազրույցում ասել է ուկրաինացի փորձագետ, «Պոլիտիկա» վերլուծական կենտրոնի միջազգային նախագծերի հեղինակ Օլեգ Սմիրնովը:
Նրա խոսքով` հայերի ինտեգրացիան Ուկրաինայի հասարակական-քաղաքական կյանքում այն բարենպաստ հիմքն է, որը թույլ է տալիս զարգացնել միջպետական հարաբերությունները եւ համատեղ մշակութային ժառանգության նոր էջեր բացել:
«Այդ համատեքստում կցանկանայի ուշադրությունը հրավիրել Իրինա Գյուկի կազմած «Ուկրաինայում հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարան»-ի վրա: Այդ գրքում ներկայացված է Ուկրաինայի տարածքում հայկական մշակույթի հուշարձանների մասին ամբողջական տեղեկատվություն» ,-նշել է Սմիրնովը:
Նրա գնահատմամբ` Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն հումանիտար ոլորտով, եւ նշանակալի ներուժ ունեն նաեւ տնտեսական հարթության մեջ:
«Խոսքը էներգետիկայի, շինարարության, գյուղատնտեսության, մեքենաշինության, առեւտրի ոլորտներում շահավետ նախագծերի իրականացման մասին է: Հուսանք, որ 2013թ-ը ոչ պակաս բեղուն կլինի հայ-ուկրաինական հարաբերությունների համար»,-նշել է փորձագետը:





























