Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մահափորձ է իրականացվել «Շարժում հանուն իրավունքի եւ ազատության» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դողանի նկատմամբ: Դա տեղի է ունեցել կուսակցության ութերորդ համաժողովի ժամանակ, հունվարի 19 –ին:
Անհայտ անձը ատրճանակը ձեռքին դուրս է եկել բեմ այն ժամանակ, երբ Դողանը հանդես էր գալիս ելույթով: Թիկնազորը նրան անմիջապես գետին է տապալել եւ հանձնել ոստիկանությանը: Դողանին նույնպես անմիջապես հեռացրել են դահլիճից, բայց նա չի տուժել: Հարձակման հեղինակը 25-ամյա Օքթայ Էնիմեհմեդովն է, ով գրանցված է եղել որպես բուրգասցի պատվիրակ: Նա, ի դեպ, ոստիկանությունում հաշվառված է եղել խուլիգանության համար, հաղորդում է «Газета.Ru»-ն:
Միաժամանակ Բուլղարիայի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ ատրճանակը, որով զինված էր Էնիմեհմեդովը, չէր կարող մահվան գործիք հանդիսանալ, քանի որ գազային էր: Սակայն նրա մոտ հայտնաբերվել է երկու դանակ:
Բուլղարական ընդդիմադիր քաղաքական գործիչների կարծիքով էլ կատարվածը պարզապես բեմադրություն էր, երկրում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին այդ կուսակցության մասին հիշեցնելու փորձ:
«Շարժում հանուն իրավունքի եւ ազատության» կուսակցությունը ներկայացնում է Բուլղարիայում թուրք փոքրամասնության շահերը:




























