Ավստրիայի բնակիչները անցկացված հանրաքվեի ժամանակ, ձայների մեծամասնությամբ`59,8%-ով, որոշել են ուժի մեջ պահել պարտադիր զինապարտության մասին գործող օրենքը:  

Հանրաքվեի արդյունքում ընդունված որոշումը պարտադրող չէ, սակայն, կառավարությունը հայտարարել է, որ կենթարկվի քաղաքացիների կարծիքին: Զինապարտության մասին օրենքը չեղյալ հայտարարելուն կողմ քվեարկողները մեծամասնություն են կազմել մայրաքաղաք Վիեննայում (ձայների 54,2%-ը), սակայն Ավստրիայի մյուս տարածաշրջաններում քվեարկել են օրենքը պահպանելու օգտին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով AFP-ին: 

NEWS.am-ը ավելի վաղ հայտարարել էր, որ հունվարի 20-ին Ավստրիայում բանակ զորակոչվելու մասին օրենքը չեղյալ հայտարարելու եւ մասնագիտացված զինուժ ստեղծելու համար հանրաքվե է անցկացվել: Այս հարցը պառակտել էր իշխող կոալիցիան: Սոցիալ-դեմոկրատները հայտարարել էին, որ մասնագիտացված բանակն ավելի արդյունավետ կլինի, մինչդեռ պահպանողական Ժողովրդական կուսակցությունը ցանկացել է պահպանել զորակոչը:  

Ներկա պահին Ավստրիայի բանակը բաղկացած է 55 հազար զինվորականներից` ներառյալ 22 հազար զորակոչիկներ: 18 տարին լրացած ավստրիացի զինակոչիկները պետք է վեց ամիս ծառայեն զինված ուժերում, կամ ինն ամիս պետք է անցնեն այլընտրանքային քաղաքացիական ծառայություն` աշխատելով հիվանդանոցներում կամ ծերանոցներում: