ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանն իրեն  բռնաբարության մեջ մեղադրող Նյու Յորքի հյուրանոցի սպասուհի Նաֆիսաթու Դիալոյին վճարել է 1,5 միլիոն դոլար:

Հիշեցնենք, 63-ամյա քաղաքական գործիչը եւ 33-ամյա սպասուհին համաձայնության էին եկել նախորդ տարվա դեկտեմբերին: Այն ժամանակ տեղեկություններ էին հայտնվել, որ  գործարքի գումարը կազմել է 5 միլիոն դոլար: Ստացված գումարի 30%-ը Դիալոն կվճարի իր փաստաբաններին, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները: 

Ավելի վաղ New York Post թերթն արդեն սպասուհուն անհայտ գումար վճարել էր ` որպես փոխհատուցում նրա մասին  վարկաբեկող տեղեկություն տարածելու համար, գրում է  NEWSru.com-ը:

Դոմինիկ Սթրոս Կանը Նյու Յորքում ձերբակալվել էր  2011թ. մայիսի 14-ին` սեռական ոտնձգությունների վմասին Նաֆիսաթու Դիալոյի հայտարարության հիման վրա: Քրեական գործը փակվել էր օգոստոսի 23-ին, երբ պարզվել էր, որ սպասուհին ստել է: 2012թ. մայիսի 1-ին Նյու Յորքի դատարանը  վերանայել էր Սթրոս Կանի դեմ Դիալոյի քաղաքացիական հայցը:

Դոմինիկ Սթրոս Կանը սկանդալի պատճառով ստիպված էր եղել հեռանալ ԱՄՀ-ից, քաղաքական կարիերայից: 2011թ. նա պատրաստվում էր իր թեկնածությունը դնել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: