Իրաքի վարչապետ Նուրի Ալ Մալիկին խստորեն դատապարտել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին հայտարարությունը: Նա ընդգծել է, որ նման հայտարարությունները բարիդրացիական հարաբերություններին վնասող կոպիտ միջամտություն են Իրաքի ներքին գործերին:
Ալ Մալիկին նշել է, որ որոշ շրջանակներ չեն ընդունում իրաքցիների հաշտությունը եւ նրանց խնդիրնրի լուծումը խաղաղ երկխոսության ճանապարհով: Նրանք հիասթափված են, որ չի իրականացել իրենց ակնկալած զինված բախումների սցենարը: Իրաքի վարչապետը հավելել է, որ այն ժամանակ, երբ Իրաքում խնդիրները կարգավորվում են, երկիրը բախվում է Իրաքի հանրության տարբեր շերտերի միջեւ երկխոսությունը խզելու եւ միջկրոնական թշնամանք հրահրող հայտարարությունների հետ: Նա իրաքցիներին կոչ է արել հավատարիմ մնալ երկխոսության ուղուն եւ զգոն լինել տարածաշրջանային որոշ ուժերի միջամտության ծրագրերի հարցում, որոնք Իրաքի եւ նրա ժողովրդի համար բարօրություն, կայունություն եւ բարգավաճում չեն ցանկանում, հաղորդում է Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, փորձելով խախտել Իրաքի կայունությունը, հայտարարել էր, որ վարչապետի կողմից Իրաքի որոշ քաղաքական գործիչների հետապնդումը լարվածություն է ստեղծել երկրում, որը իրաքցիների միջեւ գրեթե զինված բախման է հանգեցրել:




























