Ըստ AP գործակալության տվյալների` Ուգո Չավեսի կրտսեր եղբայր,  Վենեսուելայի Ազգային էլեկտրաէներգետիկական ձեռնարկության նախագահ Արհենիս Չավեսը հայտնել է, որ Ուգո Չավեսը շուտով հայրենիք կվերադառնա:

Ընդ որում, վերադարձի հստակ ամսաթիվը կախված է Չավեսի առողջական վիճակից: Նախագահի բարեկամը հավելել է, որ վերջին ժամանակերս Վենեսուելայի առաջնորդի ապաքինումը վիրահատությունից հետո լավ է ընթանում:

Միաժամանակ, Corpoelec Ազգային էլեկտրաէներգետիկական պետական ձեռնարկության կայքում հայտնվել է տվյալ տեղեկատվության հերքումը:

«Արհենիս Չավեսը հերքում է ավելի վաղ ԱՄՆ-ի AP գործակալության տարածած այն տեղեկատվությունը, թե իբր իր եղբայրը` հանրապետության նախագահ Ուգո Չավեսը, մոտ ժամանակներս երկիր կվերադառնա», - ասվում է հայտարարության մեջ:
Նախագահի եղբայրը նշել է, որ նախագահի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը «կառավարության պաշտոնական ներկայացուցիչների իրավասությունն է»:

Միաժամանակ, Վենեսուելայի նախագահի առողջության վերաբերյալ Twitter-ում հուսադրող լուրեր է հայտնել նաեւ Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Խաուան:  Հունվարի 21-ին Հավանա այցի ժամանակ նա Կուբայի իր գործընկեր Բրունո Ռոդրիգեսի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները եւ այցելել  բժշկական կենտրոնում գտնվող Վենեսուելայի նախագահին: Ըստ նրա` Ուգո Չավեսը որոշումներ է կայացնում, կատակում եւ ծիծաղում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Չավեսը «հիվանդասենյակից» Էլիասին կարգադրել է Լատինամերիկյան եւ կարիբյան ավազանի պետությունների գագաթաժողովին Վենեսուելայի մասնակցության վերաբերյալ:

CELAC-ի համաժողովը տեղի կունենա Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում` հունվարի 26-ին: 

Նախօրեին փոխնախագահ Մադուրոն հայտնել էր, որ Չավեսն ավարտում է հետվիրահատական վերականգնման փուլը եւ սկսում բուժման նոր փուլ: