Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունը 2009թ.-ի արարողությունից բարձր մակարդակով անցավ։
Իշխանությունների տվյալով՝ երդմնակալությանը Վաշինգտոնի կենտրոնական բուլվարում հետեւում էր ավելի քան 800 հազար մարդ, հնարավոր է՝ մեկ միլիոն։

Միակ բողոքի ցույցը նկատվել է ՀԴԲ-ի շտաբի շրջակա մի քանի թաղամասերում, որին թմբուկներով մոտ տասնյակ ցուցարարներ էին մասնակցում։

Այդ ընթացքում Փենսիլվանիա ավենյուում Ամերիկայի առաջին ընտանիքը հետեւում էր ավանդական շքերթին՝ ողջունելով մասնակիցներին։ Բարաք Օբաման, նրա կին Միշելը եւ դուստրերը՝ Մալիան ու Սաշան, գտնվում էին հատուկ ապակեպատ տրիբունայում, այնտեղ էին նաեւ Ջո Բայդենը կնոջ հետ եւ պատվավոր հյուրեր։

Նախագահին հատկապես ուրախացրին շքերթի՝ հայրենի Հավայան կղզիներ նահանգը ներկայացնող մասնակիցները։ Շքերթին մանակցում էին նվագախմբեր, բոլոր տեսակի զորքերի ստորաբաժանումներ, նահանգների եւ խոշոր քաղաքների ներկայացուցիչներ, ընդամենը 9 հազար մարդ։ Նրանք 2,7 կմ ճանապարհ են անցել։ Շքերթն առաջնորդում էր նախագահական լիմուզինը։ Ճանապարհի մի մասը նախագահն ու կինը ոտքով են անցել՝ ամերիկացիներին ողջունելու համար, գրում է vesti.ru-ն:

Twitter-ում ամերիկյան նախագահի երդմնակալության թեման ռեկորդ է սահմանել, թվիթների քանակը մեկ րոպեում հասել է 18712-ի, գրում է «Ինտերֆաքսը»։

Շքերթից հետո Օբաման եւ կինը մեկնել են երդմնակալական պարահանդեսների։ Դրանց թիվը 2009թ. 10-ի փոխարեն կրճատվել էր ընդամենը երկուսի։