Մալիի բանակի ֆրանսիական ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել առանցքային երկու քաղաքները՝ Դիաբալին եւ Դուենցան։

Իսլամիստներն այդ երկու քաղաքներից նահանջել էին նախորդ շաբաթ, երբ ֆրանսիական օդուժը սկսել էր ռմբահարել նրանց դիրքերը։ Միաժամանակ Մալիի իշխանությունները հունվարի 11-ին եւս երեք ամսով երկարաձգել էին արտակարգ դրությունը, իսկ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին դատապարտել էր ֆրանսիական զորքերի գործողությունները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հիշեցնենք, Ֆրանսիան Մալի էր ուղարկել մոտ երկու հազար զինծառայողների՝ իսլամիստ գրոհայինների դեմ պայքարելու համար։ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտնել էր, որ Ֆրանսիան մտադիր է վերահսկողություն հաստատել Մալիի ամբողջ հյուսիսում։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Մեծ Բրիտանիան մոտ 500 զինվոր կուղարկի Մալիում ֆրանսիական զորքերին օգնության, հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնը։