«Մենք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցել ենք շատ անգամներ եւ չի եղել դեպք, երբ մեր պատվիրակության հիմնական անդամները չխոսեն ազգային խնդիրներից»,- փետրվարի 5-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության հիմնական անդամ Խաչիկ Հարությունյանը: Նշենք, որ դրանից առաջ, «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության փոխարինող անդամ Լարիսա Ալավերդյանը, որին այս անգամ թույլ չեն տվել մասնակցել այդ կառույցի աշխատանքներին, հայտարարել էր, որ ինքը պատրաստվում էր որոշակի նախաձեռնություններով հանդես գալ եւ ԵԱՀԿ ԽՎ-ում նախահարձակ լինել ադրբեջանցիների գործողություններին, որոնք անընդհատ օգագործում են ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձեւերի կատարման հարցը: «Մենք պետք է ցույց տանք այդ բանաձեւերի բովանդակությունը: Այդ բանաձեւերով մենք ունենք սպիտակներով խաղալու հնարավորություն, քանի որ այտեղ Ադրբեջանը եւս պարտապան է եւ պարտավորություններ ունի»,- ասել էր Ալավերդյանը:

Հարցին, թե եթե Լ. Ալավերդյանը չի մեկնում ԵԱՀԿ ԽՎ-ի աշխատանքներին մասնակցելու, հայկական պատվիրակության հիմնական անդամները կկարողանա՞ն նույն խնդիրները բարձրացրել, ՕԵԿ-ական Խ. Հարությունյանը պատասխանեց. «Այնտեղ իսկապես, մեր եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն կա եւ մենք այդ հակամարտությունում հաղթում ենք: Եթե կարողանում ենք ներկայացնել ազգային շահերը, ի՞նչ կապ ունի՝ իշխանությո՞ւն է, թե՞` ընդդիմություն»:

Հիշեցնենք, որ այդ պատվիրակության հիմնական անդամներն են ՕԵԿ-ից Խաչիկ Հարությունյանը, ՀՀԿ-ից Արտակ Դավթյանն ու պատվիրակության ղեկավար ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը: