Մոսկվայում սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի կամ «Դեդ Հասանի» կլանը սկսել է ապացուցել, որ առանց լիդերի էլ կարող է գոյատեւել։ «Росбалт»-ի փոխանցմամբ` Ուսոյանի աջակիցները առաջին հարվածն ուղղել են Դուբայում դեկտեմբերին կայացած քրեական հավաքի մասնակիցների ուղղությամբ։ «Դեդ Հասանի» մարդիկ կասկածում են, որ հենց այդ հավաքի ընթացում հնարավոր է մասնակիցները որոշած լինեն վերացնել Ուսոյանին։ Աբխազիայում սպանվել է Դուբայի հավաքի մասնակից Աստամուր Գուլիան։ «Росбалт»-ի տեղեկություններով «Դեդ Հասանի» կլանում լիդերներ են դարձել ազգությամ եզդի Միրոն, Սադկոն, Յուրա Լազարեւսկին եւ Թիմուր Սվերդլովսկին։

Իրավապահ մարմինների աղբյուրի տվյալներով, Ուսոյանի «գլխացավանքն են» դարձել 2012 թ. դեկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում հավաքի մասնակից քրեական հեղինակությունները։ Դրանք են Մերաբ Ջենգվելաձեն (Մերաբ-Վրաստան), Ռովշան Ջանիեւը (Ռովշան Լենքորանսկի-Ադրբեջան), Ջեմալ Միքելաձեն (Ջեմո-Վրաստան)։ Հավաքի արդյունքում նրանք «թագադրել են» 16 քրեական հեղինակությունների, ովքեր «Դեդ Հասանի» պոտենցիալ հակառակորդներ են համարվել։ «Դեդ Հասանը» իր կողմնակիցներով հրաժարվել է «թագադրվածներին» «օրենքով գող» ճանաչել։ Ուսոյանի հակառակորդ թիմը՝ Մերաբը, Ռովշան Լենքորանսկին եւ Ջեմոն նամակ (քսիվ) են ուղարկել կալանավայրեր, որում նշել են, թե «նոր թագադրվածները» արժանի են «օրենքով գող» լինել, եւ ասել են, որ ուշադրություն չդարձնեն «Դեդ Հասանի» դիրքորոշմանը։ Յուրաքանչյուր «քսիվ» իր տարածաշրջան է տարել «թագադրված» հեղինակությունը։ Այսպես Բելառուս նամակը տարել է Պավել Ալեքսեեւիչը (Պաշա Պաշտետ), Աբխազիա՝ Աստամուր Գուլիան (Աստիկ Սուխումսկի)։

Ըստ իրավապահ աղբյուրի՝ քրեականների «քսիվը ստորագրել են» Տարիել Օնիանին, ով Ուսոյանի ամենահայտնի հակառակորդն էր, Մերաբը, Ջեմոն, Ռովշանը, Սերյոգա Վետլագը, Ռոմա Քուրդը, Մերաբ Բախիան, Կոբա Սուխումսկին, Մամուկա Միքելաձեն (Ջեմոյի եղբայրը), Իրակլի Պապիան եւ այլք։

Իրավապահ մարմինների տվյալներով, որպեսզի պաշտպանեն իրենց նորընտիր 16 «օրենքով գողերին», Մոսկվա են ժամանել Մերաբ Ջենգվելաձեն, Ռովշան Ջանիեւը եւ Ջեմալ Միքելաձեն, իսկ հունվարի 16-ին նրանց գլխավոր հակառակորդ Ուսոյանը սպանվել է դիպուկահարի կրակոցից։

Ըստ իրավապահների՝ Ուսոյանի կլանը, մինչեւ սպանությունը, առաջարկել է 16 «թագադրվածներին» ապաշխարհել եւ հրաժարվել «անարժան» գանգստերներից ստացած թագից։ Նրանից որոշներ համաձայնել են, իսկ որոշներ, ինչպես արդեն սպանված Աստամուր Գուլիան՝ հրաժարվել։

Հավանաբար «Դեդ Հասանի» կողմնակիցները Տարիել Օնիանիի կողմնակիցների դեմ գործողություններ են նախապատրաստում նաեւ կալանավայրերում։ Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Մոսկվայում հունվարի 18-ին կալանավորվել է (http://news.am/arm/news/136726.html) հայազգի 50-ամյա «օրենքով գող» Օլեգ Միքայելյանը, որը քրեական միջավայրում առավել հայտնի է Օլեժկա Աշխաբադսկի մականունով: Օլեգ Միքայելյանին կալանավորել են Մոսկվայի Հարավային Բուտովո տարածաշրջանում` ներգաղթի օրենսդրությունը խախտելու համար։