Ըստ նախնական տվյալների` Իսրայելի վարչապետի ղեկավարած աջ կուսակցությունների դաշինքն աննշան առավելությամբ հաղթել է հունվարի 22-ին կայացած խորհրդարանական ընտրություններում:

Ամենայն հավանականությամբ, Նեթանյահուն նոր կառավարությունում 31 մանդատ կստանա` գործող Կսենետի 42-ի փոխարեն: Ըստ հարցումների`ձախակենտրոն «Եշ Աթիդը» (Ապագա կա) զբաղեցնում է երկրորդ տեղը, նրան հաջորդում է Աշխատանքի կուսակցությունը:

Այժմ վերլուծաբանները կանխատեսում են Իսրայելի կառավարության ձեւավորման երկար եւ դժվարին բանակցություններ, նշում է  BBC-ի ռուսական ծառայությունը: Սպասվում է, որ Իսրայելի գործող վարչապետը կփորձի միավորվել վերջերս ստեղծված ազգայնական  «Բեյթ Յեհուդի» (12 տեղ) կուսակցության հետ, սակայն չի բացառվում, որ Նեթանյահուի դաշինքը հայտնվի ընդդիմության շարքերում:

Ավելի վաղ Նեթանյահուն արդեն հայտարարել էր ընտրություններում իր հաղթանակի մասին, շնորհակալություն էր հայտնել ընտրողներին վստահության համար եւ իր գլխավոր խնդիրն էր անվանել Իրանի միջուկային սպառնալիքի դեմ պայքարը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ  Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր հինգ սկզբունքների մասին, որոնց վրա հիմնվելու է  երկրի ապագա կառավարության քաղաքականությունը. պաշտպանության ամրապնդումը, տնտեսական պատասխանատվությունը, պետական պատասխանատվությունը, հավասար իրավունքներ եւ պարտականություններ, գների իջեցում:  

Ընտրություններին մասնակցել է 32 կուսակցություն: 120 պատգամավորական տեղերը կբաշխվեն առնվազն 2% ձայն հավաքածների միջեւ:  Ձայների հաշվարկը պետք է ավարտվի հունվարի 23-ին, իսկ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը տեղի կունենա հունվարի 30-ին: