ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավելյալ պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ-ի դեմ` 2012թ. դեկտեմբերին հրթիռ արձակելու պատճառով: Բանաձեւն ընդլայնում է  նախկինում տնտեսական պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների ցուցակը: 

Ցուցակում ընդգրկվել է հրթիռի մեկնարկն իրականացրած Կորեայի Տիեզերական տեխնոլոգիաների հանձնաժողովը: Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել նաեւ Bank of East Land-ի, որի միջոցով գումարային միջոցներ են հասել ԿԺԴՀ, ինչպես նաեւ  միջուկային ոլորտի եւ հրթիռաշինության զարգացման հետ կապված եւս չորս ձեռնարկությունների նկատմամբ: Ցուցակում են հայտնվել նաեւ չորս պաշտոնյա եւ բանկի աշխատակիցներ: 

Ըստ AFP-ի`սահմանված պատժամիջոցներին նախորդել են ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ մի քանի շաբաթ տեղի ունեցած բանակցությունները: Ամերիկացի դիվանագետները ցանկացել են ավելի խիստ միջոցներ ձեռնարկել, իսկ Չինաստանը դեմ է եղել պատժամիջոցներին:

ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է ԿԺԴՀ-ի գործողությունները՝ նրան մեղադրելով բալիստիկական հրթիռ արձակելու մեջ, եւ պահանջել է դադարեցնել բոլոր միջուկային ծրագրերը եւ փորձարկումները` հակառակ դեպքում սպառնալով «լուրջ միջոցներ» ձեռնարկել, գրում է lenta.ru-ն:

«Ռոսբալտը» հայտնում է, որ ի պատասխան ՄԱԿ-ի ԱԽ-ի հերթական պատժամիջոցներին` ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն խոստացել է ավելացնել ռազմական հզորությունը` այդ թվում միջուկային ոլորտում:

Հիշեցնենք, արբանյակով «Ընհա-3» հրթիռն արձակվել էր 2012թ. դեկտեմբերի 12-ին` Հյուսիսային Կորեայի «Սոհե» տիեզերակայանից:  ԿԺԴՀ-ն հայտարարել էր, որ «Քվանմենսոն» արհեստական արբանյակը հաջող դուրս էր բերվել ուղեծիր: Ըստ ամերիկացի փորձագետների` ԿԺԴՀ-ի արհեստական արբանյակը ամբողջությամբ չի վերահսկվում հյուսիսկորեացի  մասնագետների կողմից: