Արաբական թերակղզում «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման երկրորդ մարդ Սաիդ աշ Շահրին սպանվել էր դեկտեմբերի վերջին` Եմենում, ԱՄՆ-ի եւ Եմենի զինված ուժերի հատուկ գործողության ընթացքում: Այդ մասին հայտնում է Al Arabiya-ն` վկայակոչելով սպանվածի հարազատներին:
Շահրին վիրավորվել էր դեկտեմբերի կեսերին, որից հետո կոմայի մեջ էր, եւ շուտով վախճանվել է: Նրան թաղել են Եմենում:
Շահրին մասնակցել էր Աֆղանստանի ռազմական գործողություններին եւ վեց ամիս անցկացրել «Գուանտանամո» բանտում, որտեղից ազատվել էր 2007թ., մեկ ամիս անց նա ուղեւորվել էր Եմեն, որտեղ ստեղծել էր իսլամիստական նոր ծայրահեղական կազմակերպություն:
Աշ Շահրին համարվում էր Արաբական թերակղզում «Ալ Կաիդայի» ղեկավարի տեղակալը: Բացի դրանից, նա մասնակցել է 2009թ. Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարար արքայազն Մուհամադ բեն Նայեֆի դեմ չհաջողված մահափորձին:





























