Հունվարի 21-22-ին Լիտվայում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, Զոհրաբ Մնացականյանը` քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հունվարի 22-ին կայացավ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Վիտաուտաս Լեշկյավիչյուսի հետ: Հանդիպմանը լիտվական կողմից մասնակցում էին Լիտվայի ԱԳՆ Արեւելյան գործընկերության հատուկ բանագնաց, դեսպան Վայդոտաս Վեռբան, ԼՀ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ-ԵՄ համագործակցության, ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի դրական ընթացքի, ազատ առեւտրի գոտու, երկկողմ համագործակցության հարցեր: Կողմերը հույս հայտնեցին, որ Լիտվայի ԵՄ նախագահության ընթացքում Արեւելյան գործընկերության երկրների Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք գագաթաժողովի ընթացքում կարձանագրվի Հայաստանի նշանակալի ձեռքբերումները ասոցացման համաձայնագրի շուրջ:

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ ԼՀ ԱԳՆ քաղաքական հարցերով տնօրեն, դեսպան Դալիուս Չեկուոլիսի, ԼՀ ԱԳՆ Արեւելյան հարեւանության քաղաքականության վարչության պետ, դեսպան Էդմինաս Բագդոնասի եւ ԼՀ ԱԳՆ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց երկկողմ, բազմակողմ, տարածաշրջանային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրներին:

Նույն օրը քննարկումներ տեղի ունեցան ԼՀ Սեյմասի Եվրոպական ակումբում, որտեղ փոխնախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, համագործակցությունը ԵՄ հետ, մասնավորապես Արեւելյան գործընկերության շրջանակներում, ՀՀ մոտեցումները տարածաշրջանային անվտանգության եւ միջազգային օրակարգի տարբեր հարցերին:

Այնուհետեւ Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ ԼՀ Սեյմասի փոխխոսնակ, Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիռկիլասի հետ, որի ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հետագա խորացման հարցը: