Թուրքիայի Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում 2,5 տարի առաջ կաթոլիկ եպիսկոպոս Լուիջի Պադովեզեի սպանության գործով դատարանը վճիռ է կայացրել։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Իսքենդերունի ծանր հանցագործությունների գործերով 2-րդ դատարանը եպիսկոպոս Լուիջի Պադովեզեի սպանության համար Մուրադ Ալթունին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Դատախազությունը պահանջել էր ցմահ ազատազրկում, սակայն դատարանը նախ որոշել է 18, սակայն հաշվի առնելով մեղադրյալի՝ դատական գործընթացում ցուցաբերած կարգապահությունը, պատժաչափն իջեցրել է 15 տարվա։

Նշենք, որ Լուիջի Պադովեզեն Սիրիայի եւ Անատոլիայի կաթոլիկ եկեղեցիների պատասխանատուն էր եւ ժողովրդի կողմից սիրված անձ էր համարվում։ Սպանությունն իրականացրել է նրա 4 տարվա վարորդը՝ Մուրադ Ալթունը։