Հնդիկ ռեժիսոր, օսկարակիր  Շեկհար Կապուրի ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն տարեվերջին: Նախագիծն արդեն վեճերի տեղիք է տվել, տեղեկացնում է  «Nouvelles d'Arménie»-ին:

Ամերիկահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Սոնա Թաթոյանը պատրաստվում է  դառնալ այդ ֆիլմի պրոդյուսերը, որը նկարահանվելու է Միշլին Ահարոնյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի հիման վրա: Սցենարը գրվել է Թաթոյանի ամուսնու` Խոսե Ռիվերայի կողմից, ով նաեւ «Չե Գեւարա»  եւ Ջեք Քերուակի «Ճանապարհին» ֆիլմերի սցենարիստն է:

Թուրքական «Radikal»-ը հարցազրույց  է հրապարկել Սոնա Թաթոյանի հետ, ով բացահայտել է նման ֆիլմ նկարահանելու պատճառները: Նա ասել է, որ վստահ է, որ ֆիլմը թուրքերը կդատապարտեն, քանի որ այն ցույց է տալիս ցեղասպանության իրականությունը: «Սակայն, կարծում եմ, հենց դրանում է  իմ ֆիլմի կարեւոր նշանակությունը: Դա լինելու է «Շինդլերի ցուցակը»` Հայոց ցեղասպանության մասին:  Այնտեղ լինելու են սարսափելի կերպարներ, սակայն նաեւ խղճով մարդիկ, ովքեր ռիսկի են գնում` կյանքի գնով փրկելով իրենց հարեւաններին: Սա թուրքերի, հայերի եւ քրդերի պատմությունն է Առաջին համաշխարհայինի ժամանակ: Սա Անատոլիայի պատմությունն է»,-ասել է Սոնա Թաթոյանը:

Պատասխանելով ֆիլմի ժանրի մասին հարցին ` նա ասել է, որ գրքի հեղինակ Միշլին Ահարոնյանին ոգեշնչել է իր տատի իրական պատմությունը: Նրա տատը փրկվել է իր հոր թուրք ընկերոջ օգնությամբ: «Իրականում այս ֆիլմն ավելին է, քան հայերի հետ կատարվածի մասին պատմությունը. այն պատմում է մարդկային բնույթի սահմանափակումների մասին»,-ասել է պրոդյուսերը: