Մենք ոչ մի բարդ եւ վերացական բան չենք առաջարկում: Խոսում ենք այն բանի մասին, ինչը որ բոլորն են ասում. Որակյալ եւ մատչելի կրթություն ու առողջապահություն, մշակութային եւ մարզական աշխույժ կյանք: Մենք կապահովենք նոր՝ առավել բարձր որակ: Այդ մասին այսօր՝ հունվարի 23-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Մենք կենսաթոշակային բազմաչարչար խնդրի լուծման նոր մեխանիզմներ ենք ստեղծում: Սոցիալապես անապահովների համար սոցիալական երաշխիքների նոր սխեմաներ ենք ստեղծում: Բայց ամենակարեւորը աշխատատեղերն են: Լավ վարձատրվող աշխատանք ունեցողները խնդիրներ չունեն: Այստեղ՝ Քաջարանում, հատուկ ուշադրություն կդարձնենք բնապահպանական հարցերին: Արդյունաբերությունը, մասնավորապես՝ հանքարդյունաբերությունը, իհարկե շատ լավ է: Բայց ամեն գնով արդյունաբերությունը զարգացնելու ժամանակն անցել է, այդ թվում՝ բնությանն ու մարդու առողջությանն անդառնալի կորուստներ հասցնելու գնով:
Նոր մոտեցումը հաշվի է առնում մեր սահմանափակ բնական պաշարների գիտակից կառավարումը: Այսօր մեր տնտեսական քաղաքականությունն ուղղված է հենց «վաղվան», այդ «վաղվա» համար բարենպաստ հող նախապատրաստելուն: Բայց ցանկանում եմ ձեզ հետ խոսել մեդալի հակառակ կողմի մասին: Հռոմի Պապից ավելի կաթոլիկ չպետք է լինել, եւ ցանկացած հանքագործական ձեռնարկություն ստեղծելիս պետք չէ ավելորդ աղմուկ բարձրացնել: Մենք շատ զարգացած երկրների հնարավորությունները դեռ չունենք, որտեղ արդյունահանումը ծրագրում են, հնարավոր է, ավելի տնտեսող ռեժիմով: Մենք պետք է խելացի եւ արդյունավետ օգտագործենք մեր ընդերքը», – նշել է Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի հարավի ամենախոշոր արդյունաբերական կենտրոններից մեկի՝ Քաջարանի ընտրողների առաջ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























