Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդան Միրզազադեի մեքենան մահացու վրաերթի է ենթարկել կնոջը, հաղորդել են Բաքուի ոստիկանությունից:

Ինչպես հայտնում է «Նովոստի Ադրբեջան»-ը, վթարը տեղի է ունեցել հունվարի 23-ի վաղ առավոտյան Բաքվի Գարադագսկի շրջանում: Ըստ Vesti.az-ի, պատգամավորի մեքենան վրաերթի է ենթարկել կնոջը, որը անցնում էր ճանապարհը: Արդյունքում կինը տեղում մահացել է:

Վթարի պահին Այդին Միրզազադեն գտնվել է մեքենայի սրահում, իսկ ղեկին նստած է եղել պատգամավորի վարորդը: Գործընկերոջ` Էլման Մամեդովի խոսքով` Միրզազադեն ուղեւորվում էր Ադրբեջանի Գերաբոյսկի շրջան, որտեղ նշանակված էր նրա գրքի շնորհանդեսը: Արդյոք վարորդը խախտել էր երթեւկության կանոնները` հայտնի չէ:

Այդին Միրզազադեն իշխող կուսակցության`«Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության պատգամավոր է, նա մտնում է նաեւ կուսակցության քաղխորհրդի կազմի մեջ: Խորհրդարանում նա զբաղեցնում է անվտանգության եւ պաշտպանության կոմիտեի փոխղեկավարի պաշտոնը: