Սենատորներն ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի  Քլինթոնին գրեթե հիստերիայի են հասցրել Բենգազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակման գործի լսումների ժամանակ:  Քլինթոնն իր վրա է վերցրել կատարվածի պատասխանատվությունը եւ պատմել, թե ինչ է արվել ողբերգությունը  թույլ չտալու համար, սակայն սենատորներին չեն գոհացրել նրա բացատրությունները:

Հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը հարցրել է, թե ինչու է երկրի ղեկավարությունը շփոթեցրել մարդկանց զանգվածային անկարգությունների մասին  վարկածով, երբ իրականում հյուպատոսության վրա նպատակային հարձակում է կատարվել: Քլինթոնը փորձել է բացատրել, որ դա այդպես չէ, սակայն Ջոնսոնը հետո այդ նույն հարցը կրկնել է երեք անգամ: 

Երբ սենատորը չորրորդ անգամ ընդհատել է Քլինթոնին, պետքարտուղարն այլեւս չի դիմացել եւ սկսել էձայնը բարձրացնել: Նա խոսել է զայրացած եւ ձեռքով հարվածել սեղանին, գրում է  utro.ru-ն:

Մի փոքր հանդարտվելով` պետքարտուղարն ասել է, որ սգում է Բենգազիում սպանված ամերիկացիների համար, եւ խոստացել է պատասխանատվության ենթարկել նրանց մահվան մեղավորներին:

Հիշեցնենք,  հունվարի 23-ին Քլինթոնը մասնակցել է Բենգազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակման  գործի լսումներին:

Հարձակման ժամանակ սպանվել էր դեսպան Քրիս Սթիվենսը: Պետդեպարտամենտի ղեկավարն ընդունել է, որ Աֆրիկայի հյուսիսում ահաբեկչության աճն ուղղակիորեն կապված է  Լիբիայում Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալման հետ: Նա նաեւ հավելել է, որ Մալին վերածվել է ահաբեկիչների որջի, եւ ԱՄՆ-ն չի կարող այդ խնդիրն անտեսել: