Wikileaks աղմկահարույց կայքի ստեղծող Ջուլիան Ասանժը քննադատության է արժանացրել Dreamworks տաղավարի կողմից նկարահանվող իրեն նվիրված «Հինգերորդ իշխանություն» ֆիլմի սցենարը:
Ֆիլմի մասին իր կարծիքն Ասանժն արտահայտել է Լոնդոնում Էկվադորի դեսպանության Օքսվորդի համալսարանի ուսանողների հետ տեսակապի ժամանակ: Պատմելով, որ արդեն ստացել է ֆիլմի սցենարը WikiLeaks –ի հիմնադիրը հայտարարել է, որ իր կարծիքով ֆիլմը «սուտ» է եւ «զրպարտիչ», հաղորդել է «Լենտա.ռու»-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:
Ասանժը մեղադրել է ֆիլմի հեղինակներին նաեւ նրանում, որ նրանք Իրանի հանդեպ թշնամական «կրակը բորբոքում են», քանի որ ֆիլմում ակնարկներ կան այն մասին, որ Իրանն ատոմային զենք է ստեղծում: Ասանժն ավելացրել է նաեւ, որ Իրանի ատոմային մշակումները կապ չունեն Wikileaks –ի եւ նրա հեղինակների հետ:
«Հինգերորդ իշխանություն» վերնագրով ֆիլմը նկարահանվել է Ասանժի հետ 2007-ից 2010 թվականներին համագործակցած գերմանական հաքեր Դանիել Դոմշայթ բերգի հիշողությունների հիման վրա: Ֆիլմի հեղինակներն օգտվել են նաեւ Դեյվիդ Լիի եւ Լյուկ Հարդինգի «Ջուլիան Ասանժի պայքարը գաղտնիության դեմ» լրագրողական հետաքննությունից:
Ջուլիան Ասանժի դերը ֆիլմում կատարում է Բենեդիկտ Կամբերբեչը: ԱՄՆ-ում ֆիլմը վաճառքի կհանվի 2013 թվականի նոյեմբերի 15-ին:





























