2012թ. շարունակել է զարգանալ հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը: Կանոնավոր հիմքերի վրա է դրվել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ 2012թ. զեկույցում:

Ինչպես նշվում է զեկույցում, 2012թ. դեկտեմբերի 8-ից 14-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է Միացյալ Նահանգներ, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Սիլիկոնյան հովտում Հայաստանի ներկայացուցչության բացմանը, «ԱրմԹեք-2012» համաժողովին եւ պայմանավորվածություններ են ձեռք բերել ՏՏ ոլորտի ամերիկյան ընկերությունների հետ:

2012թ. հունիսի 4-ին Հայաստան է այցելել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որին ընդունել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Տարվա ընթացքում միջազգային համաժողովների շրջանակներում տեղի են ունեցել ՀՀ ԱԳ նախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի  եւ նրա տեղակալների հետ մի շարք հանդիպումներ։  Հաշվետու ժամանակահատվածում Հայաստան են այցելել նաեւ ԱՄՆ Սենատի և Ներկայցուցիչների պալատի պատվիրակությունները։

Մայիսի 22-ին նախարար Նալբանդյանը Բոստոնում մասնակցել է քաղաքի կենտրոնում գտնվող՝ Հայկական ժառանգության այգու եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պաշտոնական բացման արարողությանը:

Մարտի 19-26 Միացյալ Նահանգներ է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

2012թ. սեպտեմբերի 24-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես է եկել Լոս-Անջելեսի հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում:

2012թ. հոկտեմբերի 18-ին Երեւանում տեղի է ունեցել հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի (USATF) նիստը, որի արդյունքում ստորագրվել է  Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջեւ Էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: