Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները 2012թ. նշանավորվել են ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ եւ բարձրաստիճան փոխայցելություններով: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի 2012թ. զեկույցում:

Մարտին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի այցը Բրյուսել, որտեղ երկրի ղեկավարը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահների, ինչպես նաեւ ընդլայնման եւ ԵՀՔ հարցերով ԵՄ հանձնակատարի հետ:

Հունիսին ՀՀ Նախագահը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ:

Հայաստան է այցելել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտ ամսին մասնակցել է Պրահայում կայացած Վիշեգրադյան քառյակի ընդլայնված նախարարական հանդիպմանը: Հուլիսին նախարար Նալբանդյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում հաստատվել է Արեւելյան գործընկերության «ճանապարհային քարտեզը»:

Դեկտեմբերին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 13-րդ նիստը, որին հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ստորագրվել է Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, նաև ԵՄ ծրագրերին Հայաստանի մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ շրջանակային համաձայնագրի մասին արձանագրությունը:

Հաջողությամբ ընթացել են Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Առաջընթաց է արձանագրվել հունիսին Բրյուսելում մեկնարկած Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու շուրջ բանակցություններին:

Հայաստանը շարունակել է ակտիվորեն մասնակցել Արեւելյան գործընկերության բազմակողմ համագործակցության ձեւաչափին:

Շարունակվել է նաեւ ոլորտային համագործակցությունը ԵՄ հետ, մասնավորապես` արդարադատության, միգրացիայի, առեւտրի, բնապահպանության, տրանսպորտի, էներգետիկայի, կրթության եւ գիտության, մարդու իրավունքների ոլորտներում:

Ակտիվորեն ընթացել է խորհրդարանական համագործակցությունը՝ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի կոմիտեի տասներեքերորդ նիստը, փետրվարին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը այցելել է Հայաստան, Երեւանում կայացել է Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով ենթակոմիտեի նիստը: