Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Ֆրանսիա կարեւոր հանգրվան հանդիսացավ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի 2012թ. զեկույցում:

Հաշվետու տարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցելություն է կատարել Ֆրանսիա, հանդիպումներ ունեցել նախագահ Ֆրանսուա Հոլանդի, վարչապետի, Սենատի եւ Ազգային ժողովի ղեկավարների հետ։ Հանրապետության Նախագահը այցելություն է կատարել Բելգիայի Թագավորություն, հանդիպումներ ունեցել երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ։

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այց է կատարել Չեխիա։  Տեղի են ունեցել նաեւ բազմաթիվ խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելություններ:

Կայացել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցերը Բելգիա եւ Գերմանիա:

2012թ. տեղի են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական եւ աշխատանքային այցերը մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում` Ավստրիա, Ֆրանսիա, Լատվիա, Լիտվա, Շվեյցարիա, Բելգիա, Կիպրոս, Իռլանդիա:

Հայաստան են այցելել եվրոպական երկրների եւ կառույցների ղեկավարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան, Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը, Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ժան Ասելբորնը, ՄԹ ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը, Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսը, Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը, Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին եւ Բուլղարիայի ԱԳ նախարա Նիկոլայ Մլադենովը:

Միջազգային համաժողովների եւ բազմակողմ այլ ֆորումների շրջանակներում կայացել են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Ավստրիայի, Մոնտենեգրոյի, Էստոնիայի, Հունգարիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Հունաստանի, Սլովենիայի, Իսպանիայի, Լիտվայի, Շվեյցարիայի, Կիպրոսի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ:

Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Նորվեգիայի, Շվեդիայի, Լիտվայի, Չեխիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Շվեյցարիայի  ԱԳՆ-ների միջեւ:

Հուլիսին Երեւան է այցելել Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Ռասա Յուկնեվիչիենը, հոկտեմբերին՝ Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ջամպաոլո դի Պաոլոն:

Երեւանում գումարվել է հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ եւ հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ-ում բացվել է Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչությունը։