2012թ. շարունակել են ակտիվանալ լատինամերիկյան երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, որին նպաստեցին տարբեր մակարդակների փոխայցելությունները։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի 2012 թվականի մասին զեկույցում:
Սեպտեմբերի 3-5-ը պաշտոնական այցով ՀՀ-ում էր գտնվում Արգենտինայի արտաքին հարաբերությունների եւ պաշտամունքի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանը, որին ընդունեց Նախագահ Սերժ Սարգսյանը, բանակցություններ են կայացել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
2012թ. ապրիլին Երեւան այցելեց Բուենոս Այրեսի կառավարության ղեկավար Մաուրիսիո Մակրին։ 2012թ. հոկտեմբերին ստորագրվեց Հայաստանի եւ Արգենիտնայի պետական եկամուտների գործակալությունների միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը։
2012թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Մեքսիկա, որի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղար Պատրիսիա Էսպինոսայի, ինչպես նաեւ օրենսդիր իշխանության բարձրաստիճան ներկացուցիչների հետ։ Այցելությունը ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու վերաբերյալ։ Որոշում է կայացվել Մեխիկոյում ՀՀ դեսպանություն հիմնելու վերաբերյալ։
Դեկտեմբերին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մասնակցել է Մեքսիկայի նախագահի երդմնակալության արարողությանը։
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Գվատեմալա, որտեղ այդ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, խորհրդարաններում բարեկամական խմբերի ձեւավորման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խթանման, գործարար կապերի հաստատման վերաբերյալ:
2012թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Կոստա Ռիկա, որտեղ հանդիպոււմներ ունեցավ խորհրդարանի ղեկավարի եւ ԱԳ նախարարի հետ։ Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հայ-կոստարիկյան հարաբերությունների զարգացման վերաբերյալ:
Տարին բեղմնավոր էր Ուրուգվայի հետ փոխգործակցության զարգացման առումով.
2012թ. մայիսի 4-ին կայացավ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրո Լեմեսի պաշտոնական այցը Հայաստան, որին ընդունեց Նախագահ Սերժ Սարգսյանը, բանակցություններ են կայացել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ::
Նոյեմբերի 12-18-ը Հայաստանի եւ Արցախ պաշտոնական այց կատարեց Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունը, որն այդ մակարդակի օտարերկրյա առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, որն այցելեց Արցախ։
Մայիսին Շարմ էլ Շեյխում եւ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում կայացան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պառիլյայի հետ։
Ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության եւ Գրենադայի միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։





























