Ռուսաստանի արտգործնախարարությունը Ղազախստանին վերջնագիր է ներկայացրել՝ ի պատասխան Բայկոնուրից հրթիռներն արձակելու սահմանափակումների:
Եթե Ղազախստանի իշխանությունները չվերանայեն որոշումը, Ռուսաստանը խոստանում է դադարեցնել տիեզերական սարքեր ուղարկելուն առնչվող բոլոր համատեղ նախագծերը:
Ղազախստանի արտգործնախարարին ուղղված պաշտոնական նամակում նշված են Ռուսաստանի պատասխան քայլերը:
«Ռոսկոսմոս»-ից «Իզվեստիային» հայտնել են, որ Բայկոնուրի համատեղ նախագծերը դադարեցնելու դեպքում պատվիրատուն ստիպված կլինի մինչեւ 500 մլն դոլար վերադարձնել:
Հիշեցնենք, նախորդ տարվա վերջին Ղազախստանի իշխանությունները հաստատել էին «Բայկոնուր» կայանի եւ ռուսական կողմի հետ համագործակցության 2013թ. ծրագիրը:
«Ռոսբալտը» նշում է, որ Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը հունվարի 24-25-ին պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանում: Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում կքննարկվի «Բայկոնուր» կայանում Ռուսաստանի հետ հետագա համագործակցության հարցը:





























