Ես խորապես մտահոգված եմ այս զեկույցով, որը ձախողեց օբյեկտիվ, անկողմնակալ եւ անաչառ կերպով արտացոլելու իրողությունը կապված Ադրբեջանի` այս կազմակերպությանը անդամակցելու կապակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման հետ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հայտարարել է ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը` մեկնաբանելով Ադրբեջանին վերաբերող զեկույցը:
«Փոխարենը մենք ականատես եղանք Ադրբեջանի իշխանությունների` արտաքին հարցերի բացթողումները եւ թերությունները կոծկելու եւ արդարացնելու ճղճիմ փորձերի:
Ասածս հիմնավորելու համար թույլ տվեք հիշեցնել Սաֆարովի դեպքը, երբ ատելության հողի վրա հանցագործություն կատարած եւ Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված անձը տեղափոխվեց Ադրբեջան, որտեղ նրան ժամանելուն պես ներում շնորհվեց եւ նրան ազատ արձակեցին: Ավելին, այդ սահմռկեցուցիչ հանցագործությունն արդարացվեց, խրախուսվեց եւ առատաձեռն պարգեւատրվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- նշել է պատգամավորը եւ ներկայացրել, թե ինչպես է դա արտացոլված զեկույցում:
«Ընդամենը մեկ՝ չեզոք, բացարձակապես անիմաստ 5-րդ պարագրաֆի ձեւակերպմամբ: Մեջբերում եմ. «2012թ. հոկտեմբերին ԵԽԽՎ-ն որոշում կայացրեց Սաֆարովի գործի վերաբերյալ անցկացնել քննարկում»: Եվ վերջ: Այլեւս ոչինչ: Ոչ մի բառ միջազգային հանրության եւ այս Վեհաժողովի կողմից այդ գործի միանշանակ եւ խիստ դատապարտման մասին:
Զարմանալիորեն համազեկուցողների կողմից չկա որեւէ հղում Ադրբեջանի վերաբերյալ Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի 2011թ. զեկույցին, որը միայն հպանցիկ է նշված զեկույցի 194-րդ պարբերությունում: Հեղինակները նշել են միայն, որ այդ զեկույցում կան մի շարք մտահոգություններ կրոնի ազատության վերաբերյալ: Զարմանալիորեն Ադրբեջանի վերաբերյալ նշյալ զեկույցում ներառված մի շարք լուրջ մտահոգությունների եւ առաջարկությունների վերաբերյալ այդ պարբերությունում որեւէ հղում չկա»,- արձանագրել է պատգամավորն ու հավելել. «Համազեկուցողները կարծես չեն նկատում պետության կողմից հովանավորվող ռասիզմը հայկական ծագում ունեցողների նկատմամբ, ինչպես նաեւ Ադրբեջանում հակահայկական տրամադրվածության աննախադեպ աճը, որոնք արտացոլված են այդ զեկույցում: Սաֆարովի դեպքի լույսի ներքո սա շատ մտահոգիչ է»:
Ըստ պատգամավորի` զեկուցողները փորձում են կրկնել Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը, որով նրանք փորձում են արդարացնել մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության հետ կապված իրենց պարտավորությունների ձախողումը` որպես արդարացում օգտագործելով ԼՂ հակամարտությունը: «Մեջբերում եմ. «Ադրբեջանում ժողովրդավարության զարգացման ազատ զարգացումը կախված է այս հակամարտության խաղաղ կարգավորման հաջողությունից»:
Հարգելի գործընկերներ,
Այս հակամարտությունը չի կարող այլ ոլորտների զարգացման խոչընդոտ լինել: Մենք հավատում ենք, որ ԵԽԽՎ-ի համազեկուցողները չեն հետեւի Ադրբեջանի կառավարության տրամաբանությանը եւ փոխարենը կհաստատեն, որ ոչինչ չի կարող արդարացնել իրենց պարտավորությունների կատարման ձախողումը:
Փաստորեն Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը ձգձգում է ԼՂ հակամարտության կարգավորումը, որպեսզի դա օգտագործի որպես ճնշող գործիք որեւէ ժողովրդավարական եւ սոցիալական շարժման դեմ: Գոյություն ունեն ժողովրդավարացման հաջողված մի շարք փորձեր հակամարտության մեջ գտնվող պետություններում /Կիպրոս, Հնդկաստան, Իսրայել եւ այլն /:
Թույլ տվեք ավարտել` ընդգծելով իմ խորը համոզմունքը, որ ժողովրդավարության ամրապնդումը եւ մարդու իրավունքների ճանաչումը նախապայման են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման համար»,- ամփոփել է Արփինե Հովհաննիսյանը:





























