2012 թվականը բեկումնային էր Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի շարք երկրների հետ համագործակցության խորացման, նոր գործընկերային հարաբերություններ հաստատելու տեսանկյունից: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի 2012թ. զեկույցում:

ՀՀ համագործակցությունը տարածաշրջանի հիմնական գործընկեր երկրների` Չինաստանի, Ճապոնիայի եւ Հնդկաստանի հետ կարեւոր տեղ է զբաղեցրել այս ուղղությամբ իրականացվող քաղաքական օրակարգում:

Տարվա ընթացքում կայացել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուր եւ պաշտոնական այցերը Ճապոնիա եւ Վիետնամ: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը մարտին Սեուլում մասնակցել է Միջուկային անվտանգության գագաթաժողովին: Կարեւոր որոշումներ են ընդունվել տարածաշրջանում ՀՀ դիվանագիտական ներկայությունն ընդլայնելու եւ այդ աշխարհամասի երկրների հետ առավել ակտիվ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ։

Ճապոնիա կատարած այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հադիպել է Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի, վարչապետ Յոշիհիկո Նոդայի, խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակ Տակահիրո Յոկոմիչի հետ։ Նախագահն ու Ճապոնիայի վարչապետը համատեղ հայտարարություն ստորագրեցին բարեկամության եւ գործընկերության խորացման վերաբերյալ: Վիետնամ կատարած այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՎՍՀ Նախագահ Չիոնգ Տան Շանգի, վարչապետ Նգույեն Տան Զունգի, Կոմունիստական կուսակցության Գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի եւ Ազգային Ժողովի նախագահ Նգույեն Շին Հունգի հետ: Հայաստանի եւ Վիետնամի  նախագահները պայմանավորվել են գործուն քայլեր ձեռնարկել երկու երկրների միջեւ ապագային ուղղված համակողմանի հարաբերությունների ծավալման համար:  Այցի ընթացքում ստորագրվել է երկու երկրների միջեւ տնտեսական, առեւտրական, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցելություն է կատարել Սինգապուր, ուր հանդիպել է Նախագահ Թոնի Տան Քեն Յամի, վարչապետ Լի Սյան Լուի հետ։ Այցի արդյունքում կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ համագործակցությունը խթանելու ուղղությամբ։

Հոկտեմբերի 22-26-ը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Չինաստան այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ՉԺՀ պետխորհրդի անդամ, հասարակական անվտանգության նախարար Մեն Ջիանջուի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Շարունակվել է ՉԺՀ-ի կողմից մեր երկրին անհատույց տեխնիկական օգնության ծրագրերի իրականացումը: 2012թ. այդ շրջանակներում Չինաստանը Հայաստանին է տրամադրել 249 քաղաքային ավտոբուսներ:

2012-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցեր է կատարել Վիետնամ, Կորեայի Հանրապետություն, Սինգապուր, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Ավստրալիա եւ Նոր Զելանդիա, ուր հանդիպումներ ունեցավ նշված երկրների բարձրագույն ղեկավարության հետ եւ պայմանավորվածություններ ձեռք բերել հարաբերությունների ակտիվացման եւ միջազգային կազմակերպություններում միմյանց աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, ստորագրվել են երկկողմ հարաբերությունների իրավական հիմքերն ընդարձակող մի շարք համաձայնագրեր:

Քայլեր են ձեռնարկվել աֆրիկյան երկրների հարաբերությունները խթանելու ուղղությամբ։

ՀՀ ԱԳ նախարարը տարբեր բազմակողմ համաժողովների շրջանակներում՝, Չմիացած երկրների շարժման, «Ռիո+20», Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Թեհրանում, Ռիո դե Ժանեյրոյում, Կինշասայում կայացած գագաթաժողովների, Չմիացած երկրների շարժման Շարմ էլ Շեյխում կայացած ԱԳ նախարարների համաժողովի ընթացքում երկկողմ հանդիպումներ է ունեցել Կոնգոյի Հանրապետության նախագահի, Կամերունի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Սենեգալի, Կոտ դ՛Իվուարի, Բուրկինա Ֆասոյի, Ինդոնեզիայի, Մյանմարի, Նոր Զելանդիայի, Շրի Լանկայի, Բութանի իր գործընկերների հետ:

Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Մալավիի, Բութանի եւ Տուվալույի հետ:

Որոշում է կայացվել ՀՀ դեսպանություններ հիմնել Ինդոնեզիայում եւ Վիետնամում։