Այս տարվա փետրվարի 18-ին Հայաստանում կկայանան նախագահական ընտրություններ: Ընտրությունների արդյունքը կանխորոշված է. գործող նախագահը կհայտարարվի հաղթող: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ընտրությունները ֆարս են, եւ որտեղ անհնար է ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության: Այդ մասին ասվում է Հայ ազգային կոնգրեսի համակարգող, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի` ԵԽԽՎ-ում տարածած հայտարարության մեջ: Նշենք, որ ՀԱԿ համակարգողը չի կարողացել ելույթ ունենալ, քանի որ ելույթի համար նրա հերթը չի հասել, ուստի պատգամավորը տարածել է հայտարարությունը:

«Պատճառը պարզ է. իշխող ռեժիմը ստեղծել է ընտրակեղծիքների մի ահավոր մեքենա: Ընտրացուցակները ուռճացված են, այն դեպքում, երբ Հայաստանում ապրող ընտրողների թիվը կազմում է ընդամենը 1,8 մլն, այնինչ, ընտրացուցակներում ներառված են ավելի քան 2,5 մլն ընտրողներ: Հայաստանում ընտրությունները վերածվել են պետականորեն կազմակերպված բազմակի քվեարկության, ինչպես նաեւ՝ քվեների գնման մի պետականորեն կազմակերպված միջոցառման` իշխող կուսակցության օգտին քվեարկելու հարկադրմամբ: 5-7 հարյուր հազար ձայների կեղծումը ուղիղ այնքան է, որպեսզի ապահովի իշխող կուսակցության հաղթանակը ցանկացած ընտրություններում:

2012-ի մայիսին կայացած Աժ ընտրություններից հետո ԵԽԽՎ-ն եւ ԺՀՄԻԳ-ը կոչ են արել Հայաստանի իշխանություններին ապահովել ընտրացուցակների ճշգրտությունը եւ բարեփոխել ընտրական համակարգը`ընտրությունների արդար անցկացման եւ ընտրությունների հանդեպ հասարակության վստահության ամրապնդման նպատակով: Իշխանությունները ոչինչ չեն արել այդ պահանջները բավարարելու հարցում:

Այդ ժամանակ ընդդիմությունն իր վրա վերցրեց նախաձեռնությունը: Ներկայացվեց ընտրական մի փաթեթ, որով նախատեսում էր ընտրացուցակների «մաքրում», ընտրողների մատների թանաքոտում, ընտրատեղամասերում նկարահանող սարքերի տեղադրում եւ այլն: Նախաձեռնությունը ստացավ ԱԺ 6 խմբակցություններից 4-ի աջակցությունը:

Ընդդիմությունն իրացրեց արտահերթ նստաշրջան հրավիրելու իր սահմանադրական իրավունքը՝ պատգամավորների մեկ երրորդից ավելի ստորագրություն հավաքելով: Սակայն, խախտելով այդ սահմանադրական իրավունքը` մեծամասնությունը բոյկոտեց եւ տապալեց նստաշրջանը: 

Այժմ ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող գոյատեւել արդար եւ ազատ ընտրությունների արդյունքում, եւ իրենց հույսը դրել են ընտրակեղծարար այդ մեքենայի՝  ամեն գնով պահպանման վրա: Երկրի խոշոր ընդդիմադիր քաղաքական ուժերը` Հայ ազգային կոնգրեսը, Բարգավաճ Հայաստանը եւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, հրաժարվել են մասնակցել կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ երեք ուժերը, անգամ կեղծված խորհրդարանական ընտրությունների (2012 թվական, մայիս 6) արդյունքում, ստացել են 650 հազար քվե: Իսկ իրականում ստացել են հայ ընտրողների ձայների մեծամասնությունը: Ընտրություններին չմասնակցելու նրանց որոշումը, փաստորեն, նշանակում է, որ Սերժ Սարգսյանին մնում է մրցել միայն մարգինալ քաղաքական ուժերի հետ:

Դա նաեւ նշանակում է, որ ընտրական համակարգը կատարելագործելու փոխարեն, ինչի մասին մենք խոսել են տասնամյակների ընթացքում, այժմ մենք երկրում ունենք ընտրական համակարգի` որպես հայ ժողովրդի համար  սեփական իշխանություն ընտրելու միջոցի լիակատար տապալում»,- նշել է Զուրաբյանը: