2012 թվականը նշանավորվեց ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակի տարեդարձով, որի ներքո տեղի ունեցան մի շարք հոբելյանական միջոցառումներ թե` Հայաստանում, թե` Նյու Յորքում: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի 2012 թվականի զեկույցում:

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի ԳԱ 67–րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով եւ հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին:

2012 թվականի հունիսի 20–ին Ռիո դե Ժանեյրոյում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին, որին ելույթով հանդես եկավ ԱԳ նախարարը, Հայաստանը ներկայացրեց Ազգային գնահատման զեկույց: Գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի նախաձեռնությամբ քննարկումներ անցկացվեցին կայուն զարգացման չափորոշիչների նոր մեթոդաբանության վերաբերյալ:

Նոյմեբերին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Միջազգային առեւտրի իրավունքի հանձնաժողովի (2013-2019 թ.թ.)անդամ, նույն ամսին ՄԱԿ-ի ԳԱ-ն հաստատեց ՄԱԿ-ի Բաց տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեում Հայաստանի  անդամակցությունը:

ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում մարդու իրավունքների բնագավառում ՀՀ ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքի վերաբերյալ պատրաստվել եւ ներկայացվել է  Հայաստանի Հանրապետության ազգային միջանկյալ զեկույցը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012 թ հոբելյանների ցանկում ներառվեցին Հայ տպագիր գրքի 500-ամյակը, Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակը, Անանիա Շիրակացու 1400-ամյակը եւ Սայաթ Նովայի 300-ամյակը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության 2012թ. ներկայացուցչական ցանկում ներառվեցին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսեւորումները:

Ապրիլի 23-ին «Երեւանը 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տարվա բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Երեւան այցելեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունը՝ գլխավոր տնօրենի տեղակալ Գետաչեւ Ընգիդաի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ Գլխավոր կոնֆերանսի նախագահի գլխավորությամբ:

Հոկտեմբերի 18-ից 19-ը Երեւանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության «Համամարդկային արժեքները եւ մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. Զբոսաշրջության ներդրումը» խորագրով միջազգային համաժողովը, որի արդյունքում ընդունվեց «Երեւանյան հռչակագիրը»: