Լեհաստանի վարչապետ Դոնալդ Թուսկը հունվարի 24-ին հոսպիտալացվել է սուր շնչառական վարակի հետեւանքով:Այս մասին ասվել է լեհական կառավարության ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ:
«Շնչառական սուր վարակի պատճառով վարչապետ Դոնալդ Թուսկը գտնվում է հիվանդանոցում», -ասված է հաղորդագրության մեջ:
Ընդ որում հնարավոր է, որ Թուսկը կմասնակցի հունվարի 25-ին խորհրդարանում կայանալիք` Լեհաստանի առողջապահության նախարար Բարտուշ Արլուկովիչի դեմ անվստահություն հայտնելու քվեարկությանը: «Վաղը կառավարության ղեկավարը դուրս կգա հիվանդանոցից` Սեյմում քվեարկությանը ներկա լինելու համար», -նշվել է հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Արլուկովիչին պաշտոնաթող անելու նախաձեռնությունը պատկանում է ընդդիմադիր «Օրենք եւ արդարություն» կուսակցությանը, որը ղեկավարում է Յարոսլավ Կաչինսկին: Ըստ լեհական լրատվամիջցների` Թուսկը հունվարի 25-ին նշանակված քվեարկության կապակցությամբ հրաժարվել է ուղեւորվել Դավոս` տնտեսական համաժողովի համար:





























