Այս ընտրությունները կլինեն առաջին նախագահական ընտրությունները, որոնք կանցկացվեն 2011 թվականի մայիսին ընդունված նոր Ընտրական օրենսգրքի համաձայն։ Նոր օրենսգիրքը գնահատվել է իբրեւ համապարփակ եւ տրամադրում է ամուր հիմքեր ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար։ Միաժամանակ, օրենսգրքում դեռ կան հատվածներ, որոնք բարելավման կարիք ունեն։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երեկ ուշ երեկոյան հրապարակած առաջին միջանկյալ զեկույցում, որ վերաբերում է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Զեկույցում գրեթե ոչ մի գնահատական չկա: Այն հիմնականում ճանաչողական է եւ ներկայացնում է ընտրությունների անցկացման կարգը, օրենսդրական բազան, առաջադրված թեկնածուներին, ընտրողների թիվը, լրատվամիջոցների աշխատանքը:

Զեկույցում հիշատակվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2012-ի մայիսին կայացած ԱԺ ընտրություններից հետո հրապարակված վերջնական զեկույցը, որտեղ ընտրությունները «բնորոշվեցին մրցակցային, ակտիվ եւ հիմնականում խաղաղ նախընտրական քարոզչությամբ, ինչը, սակայն, ընդգծվեց գործընթացների ամբողջականության նկատմամբ վստահության ցածր մակարդակով»:

«Ընտրություններին մասնակիցների կողմից նախընտրական քարոզչության դրույթների որոշ խախտումներ, այդ թվում, վարչական միջոցների օգտագործումը եւ ընտրողների ընտրության ազատությունը սահմանափակելու փորձերը, ստեղծել էին անհավասար մրցակցային դաշտ եւ հակասում էին ԵԱՀԿ պարտավորություններին» -հիշեցնում են զեկույցի հեղինակները:

Սրան հաջորդում է մի հատված այն մասին, որ ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները ուսումնասիրելու համար 2012-ի օգոստոսին Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որին հանձնարարվել է ուսումնասիրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ի վերջնական զեկույցում, ինչպես նաեւ դիտորդական առաքելություն իրականացրած այլ կազմակերպությունների ներկայացված առաջարկությունները եւ պատրաստել գործողությունների ծրագիր` նշված առաջարկություններն իրականացնելու համար։

«Աշխատանքային խմբի գործունեության արդյունքները ներկայացվել են 2012 թվականի հոկտեմբերին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, որն առաջարկել է զերծ մնալ օրենսդրության մեջ սկզբունքային փոփոխություններ կատարելուց առաջիկա ընտրությունների նախաշեմին», - նշված է զեկույցում:

Մանրամասներ այն մասին, թե մասնավորապես ի՞նչ արդյունքներ է ներկայացրել խումբը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին եւ բավարարվա՞ծ է արդյոք կառույցն այդ արդյունքներով, չեն նշվում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությունը 13 անդամ ունեցող հիմնական թիմով իր աշխատանքը սկսել է հունվարի 10-ից եւ առաջին միջանկյալ զեկույցը արված է հենց հունվարի 10-ից 16-ը ժամանակաշրջանի մշտադիտարկման արդյունքում: 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ կաշխատեն առաքելության ընթացքում: