Հայաստանի կառավարության հունվարի 24-ի նիստում ընդունված որոշմամբ «Զորավար Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին թույլատրվում է  մասնակցել «Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության ակադեմիայի» ֆոնդի հիմնադրմանը։

«Հաշվի առնելով ՀԱՊԿ-ի Երեւանում  ակադեմիա հիմնելու առաջարկը, «Զորավար Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին թույլատրվում է  մասնակցել «Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության ակադեմիայի» ֆոնդի հիմնադրմանը»,-նիստում ասաց պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:

Որպես հիմնադիրներ եւ գլխավոր ֆինանսավորողներ հանդես են գալիս «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը, դրա Երեւանի մասնաճյուղը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության աջակցման ֆոնդը։ ՀԱՊԿ ակադեմիա ստեղծելու նախագծի վերաբերյալ նախնական քննարկմանը մասնակցել եւ իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ղազախստանի արտաքին գործերի նախարարները։